Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի քանի խաղացողներ համալրեցին Ա լիգայի թիմերը
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադևոսյանն ու Կոնստանտին Միրզոյանցը կարիերան կշարունակեն Ա լիգայում հանդես եկող «Արցախում», իսկ Անդրեյ Կոնստանտինովը՝ «Արթիկում»: Այս մասի հայտնում են ՀԱՕԿ-ից:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ «Արցախ» ակումբին միացել է նաև ուկրաինացի Դմիտրո Տիխոնովը:
«Ինժեները» համալրել են Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ռաֆիկ Ուզունյանը և սերբ բասկետբոլիստ Ֆիլիպ Չոսիչը: «Ուրարտուից» «Ինժեներ» տեղափոխվել է նաև Արամայիս Մայիլյանը:
Ամերիկահայ Ալեքս Մկրտչյանը միացել է «Գրանդ սպորտին», իսկ Նարեկ Ազարյանն ու Խաչատուր Ավագյանը համալրել են «Շիրակի» շարքերը:
Վաղը կմեկնարկեն Ա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները: Փլեյ -օֆֆից առաջ թիմերը երեքական նոր խաղացողներով համալրվելու իրավունք են ստացել:
«Արցախը» կմրցի «Շիրակի», «Արթիկը»՝ «Ինժեների», իսկ ՖԻՄԱ-ն՝ «Գրանդ սպորտի» հետ: Փլեյ-օֆֆը կկայանա երկու հաղթանակի սկզբունքով: Հավասար պայքարի դեպքում կանցկացվի 3-րդ հանդիպումը՝ առավելություն ունեցող ակումբի մարզադահլիճում:
«Ուրարտուն» որպես Ա լիգայի երկու շրջանի միանձնյա առաջատար, բաց կթողնի 1/4 եզրափակիչը: