ԱՆ-ն ստեղծում է Քրեակատարողական բժշկության կենտրոն
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ և որակյալ բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով կստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 1-ին հրավիրված նիստում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ գործող համակարգում կա սկզբունքային խնդիր, այն է՝ բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության բացակայությունը:
Նախարար Հարությունյանի խոսքով, նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ քրեակատարողական բուժօգնության ծառայության հանրային առողջապահության համակարգին ինտեգրվելու, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը բարձրացնելու համար: «Առաջարկվում է ստեղծել ՀՀ արդարատատության նախարարության ենթակայությամբ բժշկական սպասարկում իրականացնող կառույց, որը մի կողմից հնարավորություն կընձեռի բարձրացնել ՔԿՀ-ներում մատուցվող բժկական ծառայության նկատմամբ վստահությունը, մյուս կողմից, որն ամենակարևորն է, կապահովվի բժիշկների անկախությունը քրեակատարողական ծառայությունից»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը բխում է «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից, ըստ որի՝ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կապված է քրեակատարողական առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ: