Պարոն Լոքյան, մաքսիմալ կոշտ. մարզպետները, համայնքի ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ոռոգման ջրանցքները մաքրելու վերաբերյալ հանձնարարականներ տվեց:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի, գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցքների մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Իրականացված ուսումնասիրությունների համաձայն, ըստ Կարեն Կարապետյանի, նման աշխատանքների զգալի մասը ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային և այլ բնույթի աղբի մաքրմանը, որը ձևավորվում է ոռոգման, ինչպես նաև ոչ ոռոգման ժամանակահատվածում՝ հարակից բնակավայրերից։ «Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների կատարմանը և առաջացնում է լրացուցիչ ծախսեր»,- ասաց նա:
Ելնելով վերոնշյալից՝ վրաչպատետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Ոստիկանության պետին, մարզպետներին, իսկ Երևանի քաղաքապետին էլ առաջարկեց ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները։
Միաժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում, սահմանված կարգով՝ ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամշակումներ:
«Շատ պարզ խնդիր է: Կանալները, խողովակները մաքրելու ժամանակ կենցաղային աղբ է լինում: Բերում ենք կանալը թափում, իսկ հետո բողոքում՝ ինչի ջուր չունենք: Պարոն Լոքյան, մաքսիմալ կոշտ: Բոլորը՝ մարզպետները, համայնքի ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն: Մենք լրացուցիչ գումար ենք ծախսում այնտեղ, որտեղ պրոբլեմը մենք ենք առաջացնում»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեկ անգամ ևս խնդրեց, որ ստորաբաժանումները մաքսիմալ ուշադիր լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան