«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրենը վարպետության դաս է անցկացրել «Հաջողված բիզնեսի գաղտնիքները» թեմայով
Մարտի 1-ին «Այբ» դպրոցում անցկացվող «Հաջողության Բանաձև» նախագիծը հյուրընկալել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների՝ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանին։
«Ռոստելեկոմ»-ի ղեկավարը վարպետության դասի ընթացքում հյուրերի հետ կիսվել է հաջողության իր բանաձևով՝ ներկայացնելով ՏՀՏ ոլորտում շուրջ 20 տարվա կուտակած իր փորձառությունը, բիզնեսի ստեղծման ու առաջխաղացման, ինչպես նաև հաջողության ճանապարհին դժվարությունները հաղթահարելու հմտություններով։
«Նախքան որևէ գործ սկսելը յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ դերակատարում է ցանկանում ունենալ՝ լինել վարձու աշխատակից, թե՝ հիմնադիր, և պատկերացնի սեփական տեղը համակարգում։ Յուրաքանչյուր կառավարիչ, գործարար հասնում է հաջողության` օգտագործելով սեփական մեթոդները, ունենալով սեփական երազանքներն ու տեսլականը և, եթե նայենք աշխարհի ամենահաջողակ գործարարների օրինակներին, ապա կարելի է նկատել, որ նրանցից յուրաքանչյուրը իր հաջողության կերտողն է, իր իսկ ուրույն ուրվագծով։ Դա է պատճառը, որ պետք է բաց լինել նորարարությունների և նորամուծությունների համար անկախ գործունեության ոլորտից ու տեսակից»,- «Ռոստելեկոմ» ընկերության փոխանցմամբ՝ նշել է Հայկ Ֆարամազյանը։
Ֆարամազյանի խոսքով, չնայած, որ բիզնես վարելու ունիվերսալ կանոններ չկան, սակայն կան բիզնեսի կայացման որոշակի փուլեր:
Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ բիզնեսի կայացման առաջին կարևոր փուլը հենց բիզնեսի գաղափարի մշակումն է, որի ընտրության ժամանակ պետք է երազել, ունենալ ոգեշնչող, բայց միևնույն ժամանակ նաև իրագործելի գաղափարներ։
Սեփական ընկերության զարգացման հերթական փուլերում անհրաժեշտ է ձևավորել բիզնեսի զարգացման իրատեսական ու կշռադատված ռազմավարություն, ձևավորել վստահելի և պրոֆեսիոնալ անձնակազմ, ստեղծել պայմաններ նրանցից յուրաքանչյուրի համար, որպեսզի աշխատակիցներն իրենց հարմարավետ զգան ընկերության էկոհամակարգում:
Խոսնակի կողմից մատնանշված հաջորդ կարևոր փուլերից մեկը՝ կայունացման գործընթացն է, որի ընթացքում անհրաժեշտ է չկորցնել իրականության զգացումը, երբ ամեն ինչ լավ է, և անընդհատ ընդլայնվելուն չձգտել, քանի որ ընկերությունը կարող է անդունդում հայտնվել՝ տարված խոշորացման ու զարգացման մոլուցքով:
Հեռահաղորդակցության ոլորտի ամենադինամիկ զարգացող ընկերության ղեկավարը նշել է, որ միշտ պետք է պատրաստ լինել խնդիրների ու խոչընդոտների և առանց ավելորդ էմոցիաների շարժվել առաջ, գաղափարակիցների ու գործընկերների աջակցությամբ վստահ հաղթահարել բոլոր մարտահրավերները: