Թուրքիան չօգտվեց այդ հնարավորությունից. Շարմազանով
«Այսօր չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները. ևս մեկ անգամ հայկական կողմը վերահաստատեց, որ մենք առանց նախապայմանների հարարաբերությունների կողմնակից ենք եղել և կանք։»,-այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Ցյուրիխյան արձանագրությունների ոգին առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն էր, երկու հարևան երկրների միջև պատերի քանդումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ «Ափսոսանքով պետք է նշեմ, որ այս 9 տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման, արձանագրությունները վավերացնելու ճանապարհով, այլ գնաց նոր պատեր ստեղծելու և նոր նախապայմաններ դնելու ճանապարհով»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ այն ժամանակ, երբ սկսում էին ֆուտբոլային դիվանագիտությունը, թուրքական կողմն ասում էր՝ նրանք ձգտելու են զրոյի հասցնել պրոբլեմները, որն ունեն հարևանների հետ. «Այսօր մենք պետք է արձանագրենք, որ նրանք զրոյի են հասցրել այն հարևանների թիվ, ում հետ չունեն պրոբլեմ»։
Շարմազանովը նշեց նաև, որ այս արձանագրություններով, բնականաբար, հայկական կողմը նպատակ է ունեցել կարգավորել առանց նախապայմանների հարաբերությունեներ, քանդել եվրոպական տարածաշրջանում վերջին քաղաքական պատը, բայց միևնույն ժամանակ ըստ նրա, Հայաստանը շահած է դուրս եկել։
«Երբ արձանագրությունները ստորագրեցինք, այն ժամանակ եվրոպացի շատ գործիչներ մեզ էին մեղադրում նախապայմաններ դնելու մեջ. Բայց այս տարիները ցույց տվեցին, որ հայկական կողմը բացառապես հարաբերությունների հաստատման կողմնակից է, և թուրքական կողմն է դնում նախապայմաններ, ինչը մեզ համար անթույլատրելի է։ Առնվազն միջազգային հանրության համար հստակ է, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, բայց Թուրքիան չօգտվեց այդ հնարավորությունից ու սեփական դարպասում ընդունեց այդ գնդակը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ տվեցին հայ-թուրքական արձանագրությունները
- ՀՀ Նախագահ. Կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում` առանց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների
- Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. «Երկիր Մեդիա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան