Որբերի ոսկե որդիները
1915 թվականին, երբ Թուրքիան հերթական ու այս անգամ ամենամեծ Եղեռնը նախաձեռնեց՝ հայությունը իսպառ ջնջելու նպատակով... ազգուտակ, երկիր ու ծննդավայր կորցրած չորս-հինգ տարեկան մշեցի ու վանեցի երկու որբեր կրկին ի զորու դարձան հաղթահարելու կորստի, միայնության, վախի, անարդարության ցավը ու հետո որդիներ բերել աշխարհ՝ ի ճանաչ աշխարհի:
Այդ ինչ ուժեղ սիրտ պիտի ունենաս, որ կարողանաս մեջը ծվարած որբության մոխիրը այնքան ամուր սեղմել, որ այն հանճարի ադամանդ դարձնես:
Մուշեղի ու Սանամի չորս երեխաներից երկուսը Մհեր ու Ալբերտ Մկրտչյաններն են: Ալբերտ Մկրտչյանին մի ժամանակ ներկայացնում էին որպես Մհերի փոքր եղբայր, բայց արդյո՞ք տաղանդը մեծ ու փոքր ունի:
Երկու արտիստ՝ դերասան ու ռեժիսոր, մարդուն ու ապրումները կարողացան այնպես մաքուր, այնպես անկեղծ, այնպես ապրած ցույց տալ, որ հանդիսատես մարդը՝ մարդ, որ գիտե և այդ զգացմունքները, և այդ ապրումները, զարմանում է դրանց վրա՝ նոր հայտնագործողի պես:
Կամերայի հետևի մարդուն հաճախ ենք մոռանում: Էկրանին երևացող նկարը հաճախ ենք սեփականացնում՝ սիրելով ու դարձնելով մերը, մոռանում այն նկարողին՝ կարծես մեր շնորհքն է, որ ճիշտ ենք հասկացել տեսածը:
«Մեր մանկության տանգոն», «Կյանքի լավագույն կեսը», «Ուրախ ավտոբուս», «Հին օրերի երգը», «Տխուր փողոցի լուսաբացը», «Խոշոր շահում».., ու Ալբերտ Մկրտչյանը ցույց է տալիս քեզ հին երգի տակ ազգովի տանգոն՝ ուրախ պտույտներով տխուր փողոցներում, շահող ու կորցնող մարդուն՝ ընդամենը մի կինոժամում, պատերազմի վերակրկնվող ալիքը՝ առանց մի հատիկ կրակոցի…:
Այսօր հրաժեշտ է Ալբերտ Մկրտչյանին: Գնաց միանալու,... չեմ ասի հազար տարվա մեռելներին, … գնաց տեսնելու իր Վանա ու Մշո արմատները, տեսնելու, թե որտեղից էր իր մեծ տաղանդի արևը: Գնաց միանալու եղբորը՝ Ֆրունզե, մեր Մհեր, Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին, Շերենցին… Գնաց, համոզված լինելով, որ էլի կծնվեն Փափազյաններ ու Ֆրունզներ, նույնիսկ՝ նրանցից լավը. «Մեր ազգի արգանդը դեռ չի չորացել, Ֆրունզից էլ լավը կլինի, բայց արդեն այլ ժամանակում: Նոր տաղանդներ դեռ շատ կգան: Իսկ ես արդեն անցնող երամից եմ…»:
Շնորհակալ ենք քո երամին ու ազնիվ թռիչքին, Ալբերտ Մկրտչյան:
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտ Մկրտչյանին կհուղարկավորեն քաղաքային պանթենում
- Մահացել է հայտնի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը
- Ալբերտ Մկրտչյանը` Երևանի պատվավոր քաղաքացի
- «Սուրբ Սահակ -Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ են ստացել Ալբերտ Մկրտչյանը և Արա Մինասյանը
- ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ. «ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է»