Ալեքսանդ Մարկարով. Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ էության «մեռած» էին, իսկ երեկ «թաղվեցին»
Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրությունից հետո պարզվեց, որ փաստաթղթի տառը և դրա ընկալումը թուրքական կողմում ուներ որոշակի զգայական և էական տարբերություններ: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման փաստին:
«Գործընթացը, որի նախաձեռնողը եղել է Հայաստանի Հանրապետությունը, ի սկզբանել ունեցել է այնպիսի ընկալում, որ մեր հարևանը կարող է ճիշտ գնահատել իրականությունը և կատարել քաղաքականապես այնպիսի վառ քայլ, ինչի արդյունքում կկարգավորվեին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները: Սակայն արդյունքը եղել է այն, որ գործընթացը, որը սկսվել է որոշակի երկկողմանի փոխընկալման առկայությամբ, շարունակվեց ընկալման որոշակի տարբերությամբ»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ այդ տարբերությունները պայմանավորված են եղել ինչպես ներթուրքական քաղաքականության փոխակերպմամբ, այնպես էլ փոխազդված են եղել արտաքին քաղաքական ռազմավարական և բարեկամական կապերով:
Ըստ քաղաքագետի, այն ժամանակ, երբ Թուրքիայից բացարձակապես ի հայտ չէին գալիս փաստաթղթի վավերացմանն ուղղված դրական ազդանշաններ Հայաստանի Հանրապետությունը փորձում էր աստիճանաբար հասկացնել ինչպես թուրքական կողմին այնպես էլ միջազգային հանրությանը, որ նախաստորագրված փաստատաթուղթը պետք է ունենա համապատասխան շարունակություն:
«Այսինքն՝ պետք է վավերացվի, կամ պետք է ՀՀ-ն նախազգուշացնի և աստիճանաբար դուրս հանի այդ փաստաթուղթը իր արտաքին քաղաքական օրակարգից»,- ասաց նա:
Ըստ Մարկարովի, դրա սկիզբը դրված է եղել Նյու Յորքում, դրանից հետո մենք տեսանք շարունակությունը նախագահի վերջին երկու ելույթների մեջ, մեկը Ստրասբուգում, մյուսը Մյունխենում:
«Ազդանշանը ունեցել է հետևյալ բովանդակությունը՝ Հայաստանը չի կարող հանդես գալ այդ փաստաթղթի պատանդի դերում, Հայաստանն ունի իր արտաքին քաղաքական օրակարգը, Հայաստանը չի կարող չընդունել իրականությունը և մնում է միայն հանել օրակարգից այդ փաստաթուղթը, որը ըստ էության եղել է մեռած: Իսկ մեռածներին տանը չպահելու սկզբունքից ելնելով փաստաթուղթը երեկ «թաղվեց»»,- ասաց քաղաքագետը:
Այն փաստին, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում, մասնավորապես արձանագրությունների ստորագրման ժամանակ ներկա են եղել ինչպես երկկողմանի դիվանագիտական ներկայացուցչիչներ, այնպես էլ ներգրավված են եղել այլ երկրների ներկայացուցիչներ, փաստորեն ոչ մի ազդեցություն չունեցավ Թուրքիայի վրա:
«Այս երկները հանդես էին գալիս, ոչ միայն միջնորդներ, այլ ինչ-որ իմաստով նաև երաշխավորներ և թուրքական կողմը կարող էր գնալ փաստաթղթերի ոչ միայն ստորագրմանը, այլ նաև հետագա վավերացմանը և հարաբերությունների վերահաստատմանը: Սակայն իրականությունը ցույց տվեց, որ այդ երկրների ներկայությունը ոչ մի ազդեցություն չի ունեցել Թուրքիայի վրա և Հայաստանի դիրքորոշումը եղել է բավականին հստակ: Մենք նախաձեռնողական ենք և մենք պատրաստ ենք գնալ դեպի բանակցություններ, մենք ունեցանք բանակցությունների արդյունքում որոշակի փաստաթուղթ, մենք արտաքին դերակատարների ներկայությամբ ցուցաբերում ենք մեր ակտիվության դրական դիրքորոշումը և մենք չենք պատասխանատուն, որ տվյալ փաստաթուղթը կյանքի չի կոչվում»,- նշեց քաղաքագետը:
Ըստ Մարկարովի, արտաքին դերակատարներին ուղղված ազդանշանը եղել է շատ հստակ և բացի դրանից, որ դա եղել է նախագահ Սարգսյանի նախորդ ելույթներում, երեկվա ազդանշանը ևս կայանում է նրանում, որ եթե թուրքական կողմը փոխելու է իր դիրքորոշումը և պատրաստակամություն է ցուցաբերելու վերսկսել բանակցային գործընթացը և գնալ նոր փաստաթղթի ձևավորմանը, ապա Հայաստանը պատրաստ է իր շահերի ընկալման և պաշտպանության շրջանակներում գնալ դեպի համապատասխան երկխոսության վերսկսման Թուրքիայի հետ:
«Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ Թուրքիան բացարձակ չի ցուցաբերում գնալ դեպի հարաբերությունների բարելավման, ապա Հայաստանն էլ չի տեսնում հնարավորություն ունենալ նոր փաստաթուղթ»,- եղրափակեց Մարկարովը:
Հարակից հրապարակումներ`
- Կիրո Մանոյան. Նախագահի հայտարարությամբ Հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր վտանգը զրոյացվեց
- Ի՞նչ տվեցին հայ-թուրքական արձանագրությունները
- Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. «Երկիր Մեդիա»