Հաշմանդամություն ունեցող 193 հազար անձ է գրանցված
ԱԺ-ում քննարկվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ օրինագիծը ապահովելու է պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծվեն՝ լիարժեք հասարակական ինտեգրման նպատակով:
«Օրենքի նախագիծը կարգավորում է հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, վերականգնման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները»,- ներկայացրեց նախարարը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հիմնական զեկուցողին դիմելով՝ ասաց. «Ընտրատեղամասերի մատչելության առումով լրջագույն խնդիրներ ունենք, ինչպես նաև նախընտրական գործընթացների ժամանակ տեղեկատվություն ստանալու հարցում կան լուրջ խնդիրներ»։
Ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ այս օրենքի նախագծով իրենք հիմք, նախադրյալ են դնում, որ նոր կառուցվող շինությունները պետք է բոլոր չափորոշիչներին համապատասխան լինեն, իսկ գործողները՝ ունենան խելամիտ հարմարեցումներ։
«Այս առումով օրենքը շատ կարևորում եմ, քանի որ նախադրյալները, որոնք նախատեսված են օրենքում, լիարժեք կիրառելու պարագայյում մենք այս ոլորտներում լուրջ առաջընթաց ենք ունենալու, այդ թվում նաև տեղեկատվության մատչելիության առումով»,- ասաց նա։
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց նաև, թե այս պահին հաշմանդամություն ունեցող քանի՞ անձ կա գրանցված։
«Այս օրենքի նախագծով նախապատրաստել ենք մեծ փաթեթ, որով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու գործընթացը վերակառուցում ենք։ Ունեցել ենք 205 հազար հաշմանդամություն ունեցող անձ, բայց նախորդ տարվա ընթացքում իրականացված հստակեցումների արդյունքում նվազում ունենք, հիմնականում երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով, թվաքանակը կազմել է 193 հազար»,- պատասխանեց Արտեմ Ասատրյանը։