Իրավասու չեմ վիճարկելու կամ կասկածի տակ դնելու Արմեն Սարգսյանի փաստաթղթերը. Արփինե Հովհաննիսյան
Արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նպատակահարմար կհամարի՞ հրապարակել իր քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը, թե ոչ, հարցեր են, որոնք ուղղված են հենց նրան: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ավելի նպատակահարմար չէր լինի, եթե նախագահի թեկնածուն փաստաթղթերը հրապարակեր այս փուլում:
«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնց համապատասխան այդ իրավիճակը չպետք է դառնար քննարկման առարկա: Մասնավորապես, բրիտանական օրենքի այն դրույթները, որոնց համաձայն ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում դա դադարեցվում է դիմումի պահից: Ես համոզմունք ունեմ, որ եթե կա որևէ հարց, որի իրավասությունը գտնվում է ոչ թե իմ, ձեր որոշելիքի տիրույթում, այլ կոնկրետ անձի, ապա ճիշտ չէ, որ ես գնահատական հնչեցնեմ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՀ նոր նախագահն իր իրավասությունները կստանձնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում, նույն օրը կդադարեն ՀՀ գործող նախագահի լիազորությունները և կառավարությունը հրաժարական կներկայացնի:
Հարցին, եթե Արմեն Սարգսյանն ընտրվելուց հետո ներկայացնի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը և պարզվի, որ լեգիտիմության հետ կապված խնդիրներ կան, ինչ պետռք է արվի այդ ժամանակ, Հովհաննիսյանը նկատեց, որ նման դեպքերի համար կան համապատասխան ընթացակարգեր:
«Այն բոլոր տեսակետները, որոնք հնչում են, մեկնաբանություններ են: Այս պահի դրությամբ, եթե խոսքը վերաբերում է Սահմանադրության 124-րդ հոդվածի երկրորդ մասը՝ հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներին, և այդ փաստաթղթերը ըստ կանոնակարգ օրենքի, Սահմանադրության հիմքերն ապահովող փաստաթղթերին, ապա դրանք ներկայացված են պատկան մարմինների կողմից: Այս պահի դրությամբ ոչ որպես ԱԺ փոխնախագահ, ոչ որպես շարքային քաղաքացի իրավասու չեմ ոչ վիճարկելու, ոչ կասկածի տակ դնելու պաշտոնական մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, որով հավաստվում է Սահմանադրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության հարցը: Իրավասու մարմինը պետք է ուսումնասիրի բոլոր այն հարցերը, որ բարձրացվում են՝ այդպիսի խնդիրներ եղել են, թե չեն եղել, վեց տարվա ժամկետը լրացած է, թե ոչ: Այս ամենը նայում է պետական մարմինը փաստաթուղթը տալուց առաջ, որով հավաստում է միայն ՀՀ քաղաքացի լինելը: Ես գիտեմ, որ իրավասու մարմինը տվել է տեղեկանքը, համաձայն կառավարության 2017 թվականի որոշման, որով միակ իրավասու մարմին ճանաչված է այդ նույն մարմինը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան