«Սպայկա»-ն արտադրած լոլիկն ու բուլղարական պղպեղը կարտահանի նաև ԱՄԷ
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր ստորագրել է 32 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ («ՍՊԱՅԿԱ»), որը Հայաստանում սննդամթերք արտադրող և արտահանող առաջատար ընկերություններից մեկն է: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում: Այս մասին հայտնում են բանկի հայաստանյան գրասենյակից:
Պայմանագիրը ստորագրել են ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը և «ՍՊԱՅԿԱ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Երևանում տեղի ունեցած արարողության ընթացքում:
«Գյուղատնտեսությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ կազմելով երկրի համախառն ներքին արդյունքի 16%-ից ավելին, երկրի արտահանման ծավալների մեկ քառորդը, որն աշխատատեղեր է ապահովում երկրի աշխատուժի մեկ երրորդի համար: Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը «ՍՊԱՅԿԱ»-ի հետ ոչ միայն կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հզորացմանը, այլև աշխարհին կներկայացնի Հայաստանի արտադրանքը որպես միջազգային կարգի արտադրանք»,-ասել է պարոն Ռոզենթալը:
Ըստ աղբյուրի, այս ծրագիրը թույլ կտա ընդլայնել «ՍՊԱՅԿԱ» ընկերության գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսության և մատակարարման շղթայի կառավարման ոլորտներում՝ զարգացնելով 30 հեկտար տարածք զբաղեցնող վերահսկվող կլիմայական պայմաններով ջերմոցներ, որոնք հագեցված են կաթիլային ոռոգման համակարգերով և արտադրելու են լոլիկ ու բուլղարական պղպեղ:
Արտադրանքն արտահանվելու է մասնավորապես ՌԴ և Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա համապատասխանում է կառավարության նպատակին՝ բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը կլիմայի փոփոխության ռիսկերի համատեքստում՝ միևնույն ժամանակ ամբողջովին օգտագործելով ընկերության ներկայիս մատակարարման շղթան և հաճախորդների ցանցը:
«ԱԶԲ-ի կողմից տրամադրված վարկը կենսական նշանակություն ունի «ՍՊԱՅԿԱ» ընկերության զարգացման ռազմավարության համար: Ժամանակակից, կլիմայի փոփոխության նկատմամբ ճկուն նոր տեխնոլոգիական լուծումները տարածաշրջանում առաջին անգամ կօգտագործվեն, ինչը կօգնի խնայել էլեկտրաէներգիան և ջրային ռեսուրսները: Այս վարկի օգնությամբ երկրում կստեղծվեն լրիվ հաստիքով հարյուրավոր աշխատատեղեր», - ասել է պարոն Ղազարյանը
Ակնկալվում է, որ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի և բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կիլոգրամի (կգ) և 2 միլիոն կգ համապատասխանաբար: Ծրագիրը նաև կօգնի ամրապնդելու Հայաստանի դիրքերը՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի հզոր արտադրող և արտահանող, և կնպաստի կառավարության՝ մասնավոր հատվածում աշխատատեղեր ստեղծելու նպատակի իրականացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի ընթացքում կստեղծվեն լրիվ դրույքով 275 նոր աշխատատեղեր: