Հայ-վրացական հարաբերությունները նոր լիցք ստացան. վրացագետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու՝ Հայաստան այցը անցավ սպասելիքներին համապատասխան: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով՝ հայ վրացական հարաբերություններում դրական դինամիկան շարունակվում է, այս այցով դրանք նոր լիցք ստացան:
Այցի ընթացքում ամենից կարևոր ձեռքբերումն, ըստ Մելիքյանի, միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստման հայտարարությունն էր. վերջին տարիներին նման նիստ չի եղել: Հումանիտար ոլորտում անելիքների առումով Մելիքյանը կարևորեց երիտասարդների այցերի իրականացումը, ուսանողների փոխանակման ծրագրերը: Նրա խոսքով՝ եթե մենք կարող ենք ասել, որ իրենց ինչ-որ չափով ճանաչում ենք, ապա կարող ենք նաև ասել, որ վրացի երիտասարդների շրջանում մեր մասին գիտելիք չկա:
Վրացագետն ընդգծեց՝ երիտասարդները երկրի ապագան են, ուստի կարևոր է, որ շփումներն ավելանան:
Տարածաշրջանային ծրագրերով համագործակցությանն անդրադառնալով՝ Մելիքյանը նշեց, որ գործող և ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն, նա կարևորեց նեդրումներ ապահովելը: Վրացագետի խոսքով՝ պետք է իրատես լինել, մեծ սպասելիքներ չունենալ, նախաձեռնող լինել, որոշ ծրագրեր նաև արտաքին աշխարհին ներկայացնել, օրինակ՝ Չինաստանին:
Վրացագետ Ալիկ Էրոյանցը նշեց, որ ընդունված է ասել, որ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բարիդրացիական են, սակայն վերջին տարիներին ակնհայտ է, որ այդ հարաբերությունների զարգացման նոր դինամիկա է ձեռք բերվում՝ այցելությունների հաճախակիությամբ, հանդիպումների ձևաչափով, հայտարարությունների բովանդակությամբ և պատվիրակությունների կազմով: Վրացագետի գնահատմամբ՝ Վրաստանի՝ այլ հարևանների հետ հարաբերությունների առումով մենք շահեկան վիճակում ենք:
Հարցին՝ հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման պայմաններում՝ ինչն է պատճառը, որ Վրաստանը մինչ օրս Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, Էրոյանցը պատասխանեց. «Երկար ժամանակ է պահանջվել, մինչև Թուրքիան դարձել է նրա թիվ մեկ գործընկերը, Ադրբեջանը՝ թիվ մեկ ներդրողը, մինչև մեծացել է նրանց ազդեցությունը Վրաստանի տնտեսության մեջ: Նույն հարաբերությունները, որոշակի գործոններով, զարգացնելու հնարավորություն կա նաև այստեղ»:
Վրացագետն ասաց, որ ընդհանուր ոլորտներով դիտարկելու պարագայում՝ Հայաստանը ավելի շահեկան վիճակում է, քան Թուրքիան:
Ջոնի Մելիքյանը կարևորեց մի բան՝ եթե Սահակաշվիլու օրոք Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ չէին էլ փնտրում, հիմա փնտրում են, նրանց ասում են՝ Հայաստանի հետ ձեր հարաբերությունները մի տարածեք մեզ վրա: Նա նաև ընդգծեց՝ Վրաստանի ռազմավարական գործընկերները Թուրքիան ու Ադրբեջանն են, քանի դեռ մենք չունենք նման կարգավիճակ: Հայաստանն ու Վրաստանն այսօր փորձում են օգտագործել հնարավորությունները, որոնք կան միջպետական հարաբերություններում: Հայաստանն, ըստ վրացագետի, Վրաստանի համար գործոն է ՌԴ հետ հարաբերություններում, իսկ Վրաստանը մեզ համար՝ արտաքին աշխարհի հետ շփման հնարավորություն:
Էրոյանցի խոսքով՝ Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը բավական ակտիվ աշխատում է՝ ակտիվ այցեր, ակտիվ շփումներ: Վրացագետի խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցչությունը ստեղծում է հնարավորություններ, որոնցից պետք է Հայաստանը կարողանա օգտվել: Նա նշեց՝ դեռ անելիքներ շատ ունենք, բայց ճիշտ ուղու վրա ենք: Էրոյանցի կանխատեսմամբ՝ այս տարի Վրաստանում խորհրդարանական հարթակում Ցեղասպանության հարցը լուրջ կբարձրաձայնվի, նաև ակտիվորեն կլուսաբանվի ԶԼՄ-ներում: Նրա խոսքով՝ Վրաստանում հակահայկական հրապարակումները նվազել են, փոխարենն ավելացել են հակաթուրքական և հակավրացական հրապարակումները:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին
- Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են