Արձանագրություններից հրաժարվելուն կհետևի ավելի արդյունավետ փաթեթ. ԱԺ պատգամավոր
Հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելը տեղին էր: Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա նշեց, որ այդ արձանագրություններից շատ ավելի դրական արդյունք էր սպասվում. «Միջազգային կառույցների և ազդեցիկ երկրների միջնորդությամբ այդ արձանագրությունները հանրությանը մատուցվեցին որպես դարի հարաբերություն, որ կարգավորվի Ցեղասպանության հետևանքով ստեղծված այս ծանր իրավիճակը երկու ժողովուրդների միջև: Սա չգնահատվեց կամ այլ պրիզմայով գնահատվեց: Արցախի հարցի կնճռոտությունն էր, որ կապել էր Թուրքիայի ձեռքերը՝ առանց նախապայմանների ստորագրելու համար»:
Բագրատյանի խոսքով՝ արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելու քայլը գուցե նաև ժամանակավրեպ էր: Պատգամավորի կարծիքով՝ ստորագրությունը կարելի էր ավելի վաղ հետ կանչել՝ հնարավորություն չտալով, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ որոշակի մանևրներ իրականացներ:
«Այդ հետկանչումը տեղին էր, վստահ եմ, որ դրան կհետևի շատ ավելի արդյունավետ լուծումների փաթեթ: Մենք այդ քայլով համաշխարհային հանրությանը ցույց տվեցինք հայ ժողովրդի խաղաղասիրական բնույթը, հարևանների հետ ապրելու, արարելու ձգտումը, ցավոք սրտի համարժեք պատասխան չունեցանք»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան