Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հաղորդմամբ, նախագահը պանթեոնում նաև ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծիծեռնակաբերդի բարձունքում և զուգահեռաբար բոլոր մարզերում այսօր կայանալիք «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Երկրապահ կամավորականների միության հարգարժա՛ն անդամներ և հյուրեր,
«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հանդիսավոր երդման կապակցությամբ:
Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք:
Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:
Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն և պարտականություն է: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ուժն ու եռանդը ծառայեցնեք հայրենանվեր գործերի և արձանագրեք նորանոր հաջողություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
- Հայկական բանակը Վազգեն Սարգսյանի չարչարանքի արդյունքն է. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին