Սաակաշվիլին իշխանությունը վերադարձնելու մեծ հնարավորություններ չունի. վրացագետ
Քիչ իրատեսական է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարողանա վերադառնալ իշխանության՝ նախ դատարանի կողմից հետապնդվելու, այնուհետ՝ իր քաղաքական ուժի թուլացած լինելու պատճառով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտադրությանը՝ հոկտեմբերին կայանալիք նախագահի ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրել։
«Սաաակաշվիլի նկատմամբ քրեական գործեր են հարուցված, և եթե նախկինում նա պարզապես անցնում էր այդ գործերով, ապա այժմ նախկին նախագահի կարգավիճակը փոխվել է։ Նա այժմ հետախուզման մեջ է գտնվում։ Դատարանը նրան հեռակա կարգով մեղավոր է ճանաչել 2006թվականին տեղի ունեցած բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Բացի այդ՝ Սաակաշվիլին կասկածվում կամ մեղադրվում է մի քանի այլ գործերով ևս։ Իրավական առումով նա, իհարկե, Վրաստան վերադառնալու խնդիր ունի, քանի որ դատարանի որոշմամբ մուտքից անմիջապես հետո պետք է ձերբակալվի»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի՝ իշխանությունը հետ վերցնելու կոչին, Ալիկ Էրոյանցի խոսքով, նրա հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը վերջին տարիներին կորցրել է իր ազդեցությունը։ Մասնավորապես, խորհրդարան անցնելուց հետո քաղաքական ուժի ներսում պառակտում է տեղի ունեցել։
«Մյուս կողմից, «Վրացական երազանքը» բավականին ազդեցիկ է, տիրապետում է ողջ իշխանությանը և խորհրդարանում մեծամասնություն ունի։ Հենց այս ուժի թեկնածուն ունի ամենամեծ հավակնությունները՝ հաղթանակ տանելու կայանալիք ընտրություններում։ Սաակաշվիլին կամ նրա թիմակիցները այս առումով մեծ հնարավորություններ չունեն։ Այլ հարց է, որ նա նմանատիպ քայլերով փորձում է ջրի երեսին մնալ, պոպուլիստական քայլերով Վրաստանին և Արևմուտքին հիշեցնել իր մասին։ Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ հաջողություն ունենալու մեծ հնարավորություն Սաակաշվիլին չունի»,- ամփոփեց վրացագետը։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միասնական ազգային շարժումից» (ՄԱՇ) իր վրացի կուսակիցներին և կոչ է արել մյուս կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահի ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար։
«Մենք պետք է իշխանության վերադառնանք արդեն 2018 թվականին», - հայտարարել է Սաակաշվիլին ՄԱՇ-ի անդամներին հղած տեսաուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Միխեիլ Սաակաշվիլիին արգելել են երեք տարի մուտք գործել Ուկրաինա
- Սաակաշվիլին իր ձերբակալման մասին նոր տեսանյութ է հրապարակել
- Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան
- Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Սաակաշվիլիին. համախոհ
- Սաակաշվիլիի նկատմամբ գիշերային տնային կալանք է նշանակել
- Վրաստանի նախագահին մտահոգել է Միխեիլ Սաակաշվիլու դատավճռի հիմքը
- Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
- Սաակաշվիլին ընդդիմադիրներին կոչ է արել համակարգել գործողությունները