Մինչև ապրիլի 9-ը ՀՅԴ-ն ներքին կարգով կիմանան վաչապետի անունը. Արմեն Ռուստամյան
ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունը, որը թույլ է տալիս ապրիլի 16-ին խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրել, հանկարծակի չէ, դա նախատեսված է Սահմանադրությամբ: Այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Խորհրդարանական համակարգում պետք է քաղաքական ուժերը ձևավորեն համապատասխան մեծամասնություն: Դրա համար ժամանակ է հատկացվում և այդ ժամանակի հետ կապված, բնական է, բոլոր քննարկումները պետք է նախապես տեղի ունենան: Ընտրությունն ԱԺ-ում, ըստ էության, ֆորմալ բնույթ է կրում, որովհետև նախնական համաձայնությունները ձեռք են բերվում մինչև քվեարկություն»,- նշեց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանի խոսքով, ապրիլի 9-ին մոտ կոալիցիայում կլինեն վարչապետի առաջադրման շուրջ առաջին քննարկումները: Այդ օրը կսկսի գործել կառավարման նոր համակարգը. «Մինչև ապրիլի 9-ը ՀՅԴ-ն ներքին կարգով կիմանա վաչապետի անունը»:
Պատգամավորը շեշտեց, որ իրենց քաղաքական ուժը պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որը կառաջադրի ՀՀԿ-ն: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ինքը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, Արմեն Ռուստամյանը նշեց. «Սերժ Սարգսյանի հայտարարություններն ավելի լավ, քան ինքը, ոչ մեկը չի կարող մեկնաբանել: Մենք բազմիցս կրկնել ենք, որ չենք բացառում, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետի պաշտոնում: Անձերի փոփոխություն Հայաստանում միշտ էլ տեղի է ունեցել, և կարծում եմ՝ մեր ընթացքն անձերով պայմանավորելը շատ սխալ տեղ է տանում: Մենք այնպես ենք արել, որ այս համակարգը զսպի ցանկացած անձի, որ նա չկարողանա ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում»:
Արմեն Ռուստայանը նաև շեշտեց, որ Սերժ Սարգսյանն անելիք ունի, և դրա հետ կապված գնահատականները պիտի տրվեն՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը. «Փոփոխությունները, որ կատարվել են Հայաստանում, առանց նրա ցանկության չէին կատարվի: Այսքանը բավարար է, որ նրան հարգանքով վերաբերենք»: