Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 36.9%-ով ավելացել է
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է։ Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2017 թվականին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 28 046.7 հազար տոննա, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 36.9%-ով։
Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2017 թվականին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 42.2%-ով և կազմել 23 597.5 հազար տոննա։
Հաշվետու ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 640.0 հազար տոննա։ Այս ուղղությամբ աճը 2016 թ-ի համեմատ կազմել է 1.1%:
Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ 2017 թ-ին իրականացվել է 1 786.8 հազար տոննա (աճը կազմել է 11.3% ), իսկ օդային ճանապարհով՝ 22.4 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 22.4%)։