Բոլորն անխտիր, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, պետք է ենթարկվեն կուսակցական որոշմանը. Վահրամ Բաղդասարյան
«ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան: Երբ կքննարկենք, անունը հայտնի կլինի կանոնակարգ- օրենքին համապատասխան օրերի ընթացքում»,- այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել, փոխի իր խոսքը, նա պատասխանեց. «Քաղաքականությունը խայտաբղետ է, քաղաքականության մեջ ամեն օր բաներ են փոխվում, ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Իսկ ընդհանուր առմամբ, ցանկություներին, հավակնություններին պետք չէ տուրք տալ»:
Վահրամ Բաղդասարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պիտի կայացնի թիմը. «Յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է ունենալ իր կարծիքը և միանձնյա հայտարարություններ անել: Սակայն որոշումը կայացնում է քաղաքական ուժը»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի կուսակցական որոշմա՞նը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Բոլորն անխտիր»:
Լրագրողները Վահրամ Բաղդասարյանից հետաքրքվեցին՝ կհաջողվի արդյոք ընդդիմությանը հազարավոր մարդկանց դուրս բերել հրապարակ՝ բողոքի ձայն արտահայտելու Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ: Ի պատասխան վերջինս նկատեց. «Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ընդդիմության կազմակերպած ցույցերին և հետևություններ անել: Օրերը կգան, դուք կհամոզվեք»:
Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն անակնկալ մատուցի և վարչապետի պաշտոնում չառաջադրի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, Բաղդասարյանը խորհուրդ տվեց անակնկալների չսպասել. «Մենք որոշում չունենք, և քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Համբերեք, կքննարկենք, դրա մասին կտեղեկացնենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան