Արմեն Սարգսյանին կողմ չքվեարկելով՝ նրան կմղեինք իշխանական դաշտ. Սերգեյ Բագրատյան
Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կարող է դառնալ բոլորի նախագահը. դրա համար կան նախապայմաններ և հնարավորություններ: Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանը կարող է ազատ գործել դաշտում:
Պատգամավորը նշեց՝ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելով՝ իրենք ավելի մեծ պատասխանատվություն փոխանցեցին նոր նախագահին, որ նա առաջին հերթին պատասխանատվություն զգա ընդդիմության, իշխանության և ժողովրդի առջև:
«Մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր ընդդիմադիր գործընկերներին, «Ելք»-ի մեր գործընկերները Արտակ Զեյնալյանի թեկնածությունն էին առաջադրում, մենք նրանց հիմնավորեցինք, որ ոչինչ չենք փոխում, այդ դեպքում Արմեն Սարգսյանը 65 ձայնով էր ընտրվելու, արդյունքում նրան կմղեինք իշխանության դաշտ, այսինքն՝ չէինք կարողանա նրանից պահանջել անաչառություն. նա չէր ունենա աջակցություն ընդդիմությունից, կունենար պարտավորության մեծ բեռ իշխանության կողմից»,- ասաց նա։
Բագրատյանը նշեց՝ որքան էլ ընդունված է նորընտիր նախագահի լիազորությունները համարել սահմանափակ, իրականում այդպես չէ. նա ունի լիարժեք հնարավորություններ՝ հակակշռելու այն ուժերին, ովքեր գերակայության ձգտումներ կունենան, ու իր անաչառությամբ կարող է խիստ հավասարակշիռ իրավիճակ ապահովել երկրում, լիարժեք հնարավորություններ կան ներազդելու ներքաղաքական իրավիճակի վրա: Ըստ պատգամավորի՝ ապրիլին, երբ Արմեն Սարգսյանը ստանձնի իր լիազորությունները, կունենանք դրական սպասումների նոր իրավիճակ:
«Նա հայտարարել է բոլոր ոլորտներին մասնակցելու իր ձգտման մասին: Վստահ եմ՝ մենք այլևս նոր իրողությունների բովում ենք և տարեվերջին կունենանք բավական հետաքրքիր քաղաքական իրավիճակ՝ դրանից բխող բոլոր տնտեսական զարգացումներով»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք մտահոգիչ չէ այն փաստը, որ Սարգսյանը, երկար տարիներ Հայաստանի ներքաղաքական կյանքից կտրված լինելով, տեղյակ չէ այստեղ տիրող իրավիճակին ու զարգացումներին՝ պատգամավորը պատասխանեց, որ նման մտոհոգություն իրոք կա. չի կարող որևէ պաշտոնյա, աշխատելով արտերկրում երկար տարիներ, լիարժեք տիրապետել քաղաքական-տնտեսական զարգացումներին, իրավիճակի՝ ամբողջ ծավալով, ուստի այստեղ բոլորն անելիք ունեն՝ անաչառությունը պաշտպանելու, տեղեկություններ հաղորդելու առումով. «Մենք պետք է օգնենք, եթե չենք օգնելու, պահանջելու իրավունք էլ չենք ունենալու: Ամենակարևորը՝ որ հաշվետվողականություն ապահովենք»:
Պատգամավորը անդրադարձավ նաև իրենց դաշինքի՝ «իշխանական» դառնալու մեղադրանքներին, նշեց, որ բոլոր քաղաքական ուժերին մեղադրում են իշխանության հետ համագործակցության մեջ, այդ թվում՝ «Ելք»-ին. «Ես կուզեի՝ մի քիչ ավելի պարզ նայենք, գուցե քաղաքական որոշակի պայմանավորվածություններ լինում են, բայց ոչ այն աստիճանի, որ հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանի պես ելույթ ունենալ. սա ավելի շուտ կարող է լինել պայմանավորվածությունների խախտում»։
Նաև հավելեց, որ ցանկացած հարաբերություն կարող է դիտվել որպես համագործակցություն լավ իմաստով կամ վատ իմաստով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին