Աշխարհի 9 գոտի ունեմ, 10-րդն էլ նվաճեմ ու ավարտեմ. Վիկ Դարչինյան
Հայաստանում է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը Դարչինյանը նշեց, որ վերադարձել է՝ հանգստանալու, ընկերներին տեսելու համար: Բռնցքամարտիկը նշեց, որ դեռ 2007-ի հունվարից բռնցքամարտը թողել էր, սակայն երբ մարտին առաջարկեցին մենամարտել Մոսկվայում՝ աշխարհի ռուս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ, համաձայնել է:
«Նա ուներ աշխարհի գոտի, եթե հաղթեի, 10-րդը կլիներ: Երեք շաբաթվա ընթացքում մենամարտ արեցի, լավ ստացվեց, վիդեոն ուղարկեցի Մոսկվա, մինչ օրս լռում են, բայց ասում են՝ պիտի մենամարտենք»,- ասաց նա:
Դարչինյանն ասաց՝ իրեն առաջարկեցին մենամարտել՝ տեղյակ լինելով, որ ավարտել է պարապմունքները, որպեսզի լավ լինի իրենց համար, սակայն ինքը վերսկսել է պարապմունքները, և բավական հաջող: Նա նշեց՝ մենամարտին կսպասի ևս երկու-երեք ամիս, ապա ընդգծեց՝ այս մենամարտին ուզում է մասնակցել միայն նրա համար, որ ռուս մարզիկն աշխարհի գոտի ունի:
Բռնցքամարտիկը նշեց՝ տեղյակ է, որ Հայաստանում կան լավ մարզիկներ, ովքեր կարող են լավ գումարներ աշխատել, նվաճումներ ունենալ, սակայն լավ կլինի, որ նրանք գնան ԱՄՆ, պատրաստվեն մեկ-երկու ամիս, իրենց ուժերը փորձեն: Այդ հնարավորությունը մարզիկներին կընձեռի հենց ինքը՝ Դարչինյանը, ով պատրաստվում է բացել պրոմոուտերական ընկերություն: Բռնցքամարտիկի խոսքով՝ այստեղ՝ Հայաստանում, մարզիկները չեն կարող արդյունքների հասնել, որովհետև պարապմունքներ են պետք, սպարինգ-պարտնյորներ: Նա Հայաստանում է՝ նաև այդ նպատակով, որ տեսնի մարզիկների պարապմունքները:
«Կուզեմ՝ ավելի շատ սպարինգներ անեն դրսում, հնարավորություն կտամ լավ մրցումների մասնակցեն, թե հետո ինչի կհասնեն, իրենցից է կախված»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն հնարավորություն են տվել մենամարտելու, իսկ մնացածին իր ուժերով է հասել:
Նաև ասաց, որ իր ազգանունը ԱՄՆ-ի հեռուստաընկերությունների համար խոսուն է, ուստի երբ բացի իր ընկերությունը և իմանան՝ այդ մարզիկներն իր սաներն են, նրանց տեղ կտան եթերում:
Դարչինյանը պատրաստ է իբրև մարզիչ աշխատել բռնցքամարտիկի հետ, բայց իր ժամանակն ամբողջովին տրամադրել մարզիկներին՝ կարծում է՝ դա մեծ պատասխանատվություն է:
Բռնցքամարտիկը նշեց՝ 9 աշխարհի գոտի ունի, որից յոթը «վերցրել է» աշխարհի չեմպիոններից, ցանկանում է 10-րդ գոտին էլ նվաճել ու ավարտել բռնցքամարտիկի կարիերան: Հարցին՝ արդյո՞ք դեռ մտադիր է ուժերը փորձել խառը մենամարտերում, նա պատասխանեց, որ նախապես ցանկանում էր փորձել, սակայն հետո հասկացավ, որ այդտեղ գումար չկա. բռնցքամարտով մի քանի անգամ ավել գումար կարող է վաստակել:
Հանգստանալու համար Հայաստան գալու առիթը բռնցքամարտիկը բաց չի թողնում. «Իմ երկիրն է, ես Հայաստանը շատ եմ սիրում, երբ պարապմունքների մեջ էի, էլի տարին երեք անգամ Հայաստանում էի լինում: Ինձ այստեղ շատ լավ դիմավորեցին, գնացի Ղարաբաղ, այնտեղ էլ ինձ լավ դիմավորեցին»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է նա զբաղվում Ավստրալիայում: Դարչինյանը պատմեց, որ այնտեղ ակումբ ունի, որը միայն իրենն է. «Հենց դուրս եմ գալիս, դռները փակում են: Այնտեղ լավ մարզիկներ չես կարող ունենալ, կան միայն քանի սպորտաձևեր, սակայն այնտեղ լավ փող վաստակելու այլ տարբերակներ կան, քան սպորտաձևն է»:
Բռնցքամարտիկը նշեց, որ իր խաղերին հետևում են նաև երեխաները, ավագ որդին, ով 10 տարեկան է, անգամ ներկա է եղել հոր մրցումներին:
Հարակից հրապարակումներ`
- «ՀԺ». Վիկ Դարչինյանն այցելել է զինհաշմանդամներին
- Վիկ Դարչինյան. Բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ
- Վիկ Դարչինյանը Ստեփանակերտից կոչ է անում հայերին արձակուրդներն անցկացնել Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան