Ռուսական և վրացական կողմերը պայմանավորվել են արդիականացնել և ընդլայնել Լարսի ճանապարհը. նախարար
Ռուսական և վրացական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Լարսի ճանապարհի ընդլայնման և անցակետերի արդիականացման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է Լարսի մոտակայքում նախատեսվող թունելի կառուցմանը, նախարարն ասաց, որ նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն և շինարարությունն այս տարի կսկսվի:
Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհների մասին հարցին, նախարարը նշեց, որ Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց դա, ըստ նրա, ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է:
«Իհարկե, Հայաստանը աշխատում է այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Պետք է նշեմ, որ այլընտրանքը միայն Հարավային Օսիայով և Աբխազիայով ճանապարհները չեն: Մենք այսօր ունենք նաև այլընտրանքային լաստանավային ճանապարհ, որը գործում է շատ հաջող ու բեռների շատ մեծ մասն անցնում է այդ ճանապարհով»,- ընդգծեց նախարարը: