Կառավարությունը հանեց այդ կետը, հետևաբար առաջարկում ենք կողմ քվեարկել այս օրինագծին. Կոստանյան
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ փոփոխությունները պայմանավորված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ, որը նորովի է կարգավորել դատական վարույթի հրապարակայությունը, դատավարական լեզուն, դատական կազմի որոշումները, կարգը, ինքնաբացարկի հիմքերը և այլն:
«Այս նախագծով առաջարկվել էր, որ ՄԻԵԴ դատական պրակտիկային համահունչ համապատասխանեցվի քրեական դատավարության 135 հոդվածը, մասնավորապես կալանավորման խափանման միջոցի հիմքերը: Հանձնաժողովի նիստում իրավական վեճ ծագեց, թե արդյոք 2-րդ մասը համապատասխանում է ՄԻԵԴ պրակտիկային: Կառավարության դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, սակայն կառավարությունը հեռու է այն մտքից, որ իրավական նեղ վեճին պետք է լուծում տա քաղաքական մարմինը՝ ԱԺ-ն»,- շեշտեց նախարարը:
Հարությունյանը նշեց, որ նախագիծը ներկայացնում են առանց 2-րդ մասի, իսկ 2-րդ մասն ավելի նեղ մասնագիտական քննարկման առարկա կդառնա:
Այնուհետև ելույթ ունեցավ հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
«Բոլորի մոտ օրինաչափ հարց կարող է ծագել՝ բա որ այդքան լավ ու կարևոր օրենք է, ինչու՞ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց: Խոսքը վերաբերում էր բացառապես մեկ հոդվածի մեկ դրույթի: Այդ դրույթով սահմանվում է, որ անձի նկատմամբ կալանավորումը կարող է ընտրվել որպես խափանման միջոց նաև այն դեպքերում, երբ նա խախտել է ընտրված խափանման միջոցի պայմանները: Այսինքն՝ ստացվում է, որ եթե անձը կատարել է արարք, որը մեր օրենսդրությամբ անգամ նախատեսված չէ ազատազրկում, այնումենայնիվ անձը կարող է հայտնվել անազատության մեջ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում, որը մեր խորին համոզմամբ, անընդունելի է և կարող էր հանգեցնել մարդու իրավունքների խախտումներ»,- նշեց պատգամավորը։
Նա հավելեց՝ քանի որ կառավարությունը հանել է այդ կետը, իրենք առաջարկում են կողմ քվեարկել այս օրինագծին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան