Սերժ Սարգսյանը պատերազմի ակունքներից մինչև այսօր պատերազմի թոհ ու բոհերով անցած է. Դավիթ Մանուկյան
«ՀՀԿ-ն դեռ պաշտոնապես թեկնածու չի առաջադրել, կառաջադրեն՝ կխոսենք: Պետք չի շտապել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտածում ապագա վարչապետի մասին:
Հարցին՝ համաձայն է ՀՀԿ-ի կողմից շրջանառվող այն տեսակետի հետ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, պատգամավորը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ քննարկելը տեղին չեմ համարում, կոռեկտ չի: Նա պատերազմի ակունքներից մինչև այսօր պատերազմի թոհ ու բոհերով անցած է:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ չի ցանկանում առաջադրվել, խորհրդարանականը պատասխանեց. «Պրովոկացիոն հարց եք տալիս, չեմ պատասխանի: Դեռ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես վարչապետի թեկնածու չի առաջադրել, կառաջադրի, կխոսենք»:
Հարցին՝ քաղաքականության մեջ անձն իր խոսքի տե՞րը պետք է լինի, թե ոչ, կամ, եթե խոսքի տերը չի լինում՝ անլուրջ չէ՞, Մանուկյանը նշեց. «Մարդ ամեն դեպքում պետք է իր խոսքի տերը լինի: Ես կոռեկտ չեմ համարում նախագահի խոսքերն անվանել անլուրջ, կամ լուրջ, չի կարելի: Կյանքում և քաղաքականության մեջ իրավիճակներ կան, որ կարող են փոխվել»:
Ինչ վերաբերում է վարչապետի ընտրության օրվա փոփոխությանը, պատգամավորն ասաց.
«Հինգ օր կամ տասը օր, դա էական ինչ-որ բան փոխո՞ւմ է: Հինգ օր ուշ կամ հինգ օր շուտ, ի՞նչ խնդիր կա: Հանրապետականը Սերժ Սարգսյանին արագ կամ դանդաղ բերելու խնդիր չունի»:
Հարցին, թե պատգամավորն իր պատասխանն ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչի պատասխա՞ն է համարում, Դավիթ Մանուկյանն ասաց՝ իր պատասխանները հակիրճ և կոնկրետ է համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան