Արձանագրվել են թերություններ՝ ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայման հարցում. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայմանը:
Վարչապետը հիշեցրեց, որ հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձել են 2017 թվականին 2016-ի համեմատությամբ պետական գնումների ու կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի գնի փոփոխության հարցին:
«Ներկայացված տեղեկատվության արդյունքում արձանագրվել են թերություններ, մասնավորապես, ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ և շեղումներ, ինչպես նաև որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի ու պլանավորվածի միջև անհամապատասխանություններ», - ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա՝ թեև հիմնականում ապրանքի փաստացի ձեռքբերման գինը պլանավորված գնի համեմատությամբ հանգեցնում է խնայողության, սակայն դա հանդիսանում է ոչ հստակ պլանավորման արդյունք:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Ֆինանսների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ քննարկել, մշակել ու ֆինանսների նախարարության կայքում հրապարակել հիմնական սպառման 20-30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրերը։
Վարչապետը հանձնարարեց նաև մեկամսյա ժամկետում մշակել ու ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռքբերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների, մեկ միասնական չափման միավոր։
Բացի այդ, վարչապետը հանձնարարեց Առողջապահության նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել ու կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավոր, իսկ հանրապետական գործադիր մարմնինների ղեկավարներին էլ հանձանարարեց գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումը՝ ըստ վերջնական սպառման կոնկրետ ապրանքների, այլ ոչ թե՝ ապրանքախմբերի, իսկ գնումները պլանավորելիս էլ առաջնորդվել ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ուղենիշային բնութագրերով և չափման միավորներով:
«Մենք 2017 թվականին ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից, այն բյուջեները, որը պլանավորում ենք, ըստ նախարարությունների, ունենք ավելցուկ գումարներ, բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ պլանավորման ժամանակ շատ ենք պլանավորում ու այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա: Թեև ֆիքսում եմ, որ տենդերներով անցած գնումների արդյունքում ՝ պրակտիկորեն բոլոր նախարարություններում ունենք գնումների մեջ նվազեցում», - նշեց Կարեն Կարապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում