Ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրումը կիրականացվի միասնական էլեկտրոնային հարթակում
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակին:
Նրա խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմինների ներկայացնել պահանջվող փաստաթղթեր։
Կարեն Կարապետյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացն, ըստ մարմնի, ևս տարբերվում է, ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության և Առողջապահության, նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց և Առևտրաարդյունաբերական պալատի նախագահին առաջարկեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի նախնական հայտարարագրման և ուսումնասիրման փուլը, արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների, անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային՝ Trade.gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ, նախատեսելով պետական մարմինների գործունեության հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում