Մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին, ընդառաջ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է սպառողի շաբաթ:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ մարտի 7-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ մի կողմից նպաստելով հանրության իրազեկման մակարդակի բարձրացմանը, մյուս կողմից՝ բարելավելով տնտեսավարողների գործունեությունն այս ոլորտում:
Մարտի 7-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում կանցկացվեն բաց դասեր՝ նվիրված սննդամթերքի անվտանգության ոլորտին: Նույն օրը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում անցկացվող քննարկման ընթացքում սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կներկայացվեն գործող նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները՝ համապատասխանության գնահատման, ներմուծման և արտահանման, սննդամթերքի մակնշման և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում HACCP համակարգի ներդրման վերաբերյալ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա դասընթաց-սեմինար՝ նախատեսված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, այդ թվում՝ մարզային կառույցների տեսուչների համար: Այդ օրը հանրապետության մարզերի նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում ևս կանցկացվեն սննդամթերքի անվտանգությանը նվիրված իրազեկման ակցիա-բաց դասեր և քննարկումներ ոլորտի պատասխանատուների հետ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ համատեղ մայրաքաղաքում կանցկացվի իրազեկման ակցիա, որի ընթացքում սպառողներին կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ և ուղեցույցներ՝ սննդամթերքի անվտանգությունն ապահովելու մի քանի պարզ կանոնների մասին:
Համալսարանի դահլիճում նույն օրը կանցկացվի «Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետեր» (HACCP) համակարգի ներդրմանն ու դրա առավելություններին նվիրված թրեյնինգ տնտեսավարողների համար:
Այնուհետև տնտեսավարողների հետ կքննարկվեն սննդի շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգի ներդրման նպատակներն ու հնարավորությունները:
Մարտի 15-ին պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերների մասնակցությամբ կանցկացվի սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողով՝ «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» խորագրով:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա մրցանակաբաշխություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում