Ով և ինչպես է տալու պատվավոր կոչումներն ու պարգևները
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:
«Այժմ նախագահն օրենքով սահմանված դեպքերով կարող է շնորհել պարգևներ: Նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների, կոչումների նշանակման ընթացակարգը սահմանել օրենքով, նաև սահմանել դրանց ձևերն ու տեսքը: Նախատեսվել է նաև, որ հանրապետության նախագահին պարգևատրման միջնորդություն անելու իրավունք ունեն վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, ԲԴԽ-ը, իսկ մյուս պետական մարմիններն առաջարկով դիմում են վարչապետին։ Միջնորդությունից հետո նախագահը սահմանված կարգով տալիս է այդ պարգևները»,- ներկայացրեց փոխնախարարը։
Արթուր Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ առաջարկ է հնչել, որ «Ազգային հերոս» կոչումը դիտվի որպես պատվավոր կոչում։
«Բանն այն է, որ օրենքով սահմանվում է, որ պարգևատրումներն են համարվում խրախուսման բարձրագույն ձևեր: Այսինքն պատվավոր կոչումը և պարգևատրումը իրենց կարգավիճակով տարբեր են, և պարգևատրումը ավելի բարձրագույն ձև է, ուստի կարծում ենք, որ «ազգային հերոս»-ը պետք է դիտարկվի պարգևատրման դաշտում, ոչ թե կոչումներ շնորհելու դաշտում: Այս հարցը պետք է ևս մեկ անգամ քննարկել»,- ասաց զեկուցողը՝ հավելելով՝ օրենքով նախատեսվում է, որ ՀՀ նախագահն ու վարչապետը չեն կարող պարգևատրվել իրենց պաշտոնավարման ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում։