Առաջարկվում է Հանրային խորհրդի կազմում ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ ստեղծել
Խորհրդարանը քննարկում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծի մասին պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել։
«Նախագծի հեղինակը կատարել է երկու փոփոխություն։ Մեկով՝ ՀԽ անդամների պաշտոնավարման համար եղած երաշխիքներով նախատեսված է, որ ՀԽ անդամի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, և ոչ ավելի, քան մեկ անգամ։ Մինչդեռ այս երաշխիքը չէր տարածվում ՀԽ նախագահի վրա, և մենք առաջարկում ենք այստեղ լրացում կատարել և ասել, որ ՀԽ անդամի, ինչպես նաև ՀԽ նախագահի պաշտոնի դադարեցման հարց կարող է քննարկվել նրա պաշտոնավարումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, և ոչ ավելի, քան մեկ անգամ»,- նշեց փոխնախարարը։
Կառավարության ներկայացրած մյուս առաջարկությունը Հանրային խորհրդին առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ ստեղծելուն է վերաբերում, որի կազմավորման կարգը և գործառույթները սահմանվում է օրենքով:
«Բանն այն է, որ շրջանառության մեջ է դրված ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է այս պալատը: Պալատի գործառույթներից է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների իրացման մշտադիտարկումը, այդ անձանց վերաբերող օրենսդրական ակտերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնլը և նրանց իրավունքների ու խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը ՏԻՄ-երին, ՄԻՊ-ին և այլ կառույցների»,-եզրափակեց զեկուցողը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե խնդիրը թոշակառուների ակումբ ստեղծելն է, այդպես էլ ասեք. Նաիրա Զոհրաբյան
- Առաջարկվում է Հանրային խորհրդի անդամների թիվը հասցնել 45-ի