ԱԺ ամբիոնը և դահլիճը ֆեյսբուքյան հարթակ չեն. Արման Սաղաթելյան
«Մերօրյա իրականության մեջ ժողովրդավարության, խոսքի և կարծիք ազատ արտահայտելու ամենավառ դրսևորումներից մեկն այն է, որ այսօր ընդունված է կարծիք հայտնել, մեկնաբանություն տալ ցանկացած հարցի վերաբերյալ ու ամենուր»,- ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտատարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ինքը շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ԱԺ ամբիոնը և դահլիճը ֆեյսբուքյան հարթակ չեն, և այստեղ հնչած կարծիքներն ու տրված մեկնաբանությունները պարտավոր են հիմքում բավականին լուրջ փաստարկներ և օբյեկտիվության բազա ունենալ. «Հասկանալի է, որ հնարավոր չէ մասնագետ լինել բոլոր ոլորտներում, այնուամենայնիվ, եթե ոլորտը մասնագիտական շրջանակից դուրս է, ապա կարելի է որոշակի պրոցեսներով գալ որոշակի օբյեկտիվության»։
Սաղաթելյանը նշեց, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշման հետ կապված պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, ինչպես նաև դիտարկել ետխորհրդային երկրների փորձը։
«Տարիներ առաջ նմանատիպ, անգամ շատ ավելի ծավալուն ու տևական քննարկումներ տեղի են ունեցել Մերձբալթյան երկրներում, հատկապես Լատվիայում, որտեղ առաջարկ հնչեց նիստերը դռնբաց անցկացնելու մասին։ Բանավեճը հասավ նրան, որ խոշորագույն տեղեկատվական գործակալություններից մեկը հարցում կատարեց այլ երկրներում գտնվող Լատվիայի բոլոր դիվանագիտական կառույցներին, որպեսզի իմաման, թե այդ երկրների փորձն ինչպիսին է։ Պարզվեց, որ գրեթե բոլոր երկրներում կառավարության նիստերը դռնփակ են։ Արձագանք եղավ Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեդիայից, ինչպես նաև Լիտվայից և Էստոնիայից»,- նշեց պատգամավոր:
Նրա խոսքով, եթե կառավարությունը խնդիր ունենա գաղտնի կամ փակ որևէ բան քննարկելու, կքննարկի նախօրոք։
«Այդ դեպքում հարց՝ ի՞նչ տեղեկատվություն է հավելյալ ստանում հանրությունը՝ ի՞նչ գույնի փողկապ է կապել վարչապետը, ո՞ր նախարարը փռշտաց և որը ում ինչպես բարևեց, արդյո՞ք դա սոցիալապես անհրաժեշտ տեղեկատվություն է, կարծում եմ՝ ոչ։ Արդյոք դա պետք է տեղի ունենա հարկատուի հաշվին՝ միանշանակ ոչ, այնպես որ, բոլոր շահարկումները այս հարցի վերաբերյալ անտեղի են», - ամփոփեց Արման Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չգիտեմ մի միջազգային կազմակերպության գործադիր մարմին, որը նիստերը դռնբաց են անցկացնում. Կոստանյան
- Ի՞նչ տրամաբանությամբ է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել. Թանդիլյան
- Նոր կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից