Այս այցով նոր էջ ենք բացում մեր փոխհարաբերությունների մեջ. Լիոնի քաղաքապետ
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն: Հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Երևանի ու Լիոնի միջև ստորագրված հուշագրի առիթով, նշեց, որ դա ոչ միայն Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապաքաղաքականացվող կարևորագույն քաղաքականության արդյունք է, այլև Երևանի և Լիոնի միջև ստորագրված նոր պատմական քայլ, այն էլ՝ այս հոբելյանական տարում:
«Լիոնը մեր նախարարության համար առանձնահատուկ քաղաք է, քանի որ Ռոն-Ալպում ապրում է մոտ 150 հազար հայ, մոտ 50 հազարը՝ Լիոնում: Շնորհակալ եմ այն պայմանների համար, որ ստեղծված են հայկական փոքրամասնության լեզուն, մշակույթը, կրոնը պահպանելու համար: Ուրախ եմ, որ հայերը Ֆրանսիայի հպարտ քաղաքացիներ են, բայց նաև շարունակում են իրենց արմատին, հայությանը, իրենց լեզվին հավատարիմ մնալ»,- ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ եղել է և եկեղեցում, և դպրոցում, և մշակութային կենտրոններում, ասաց, որ մեր հայրենակիցներն այնտեղ իրենց շատ լավ են զգում և շարունակում են իրենց ներդրումն ունենալ Ֆրանսիայի կրթության, մշակութային, բիզնես ոլորտների զարգացման մեջ: Նախարարը նաև ընդգծեց, որ ֆրանկոֆոնիայի այս տարում մեծագույն նվեր է Լիոն-Երևան, Երևան-Լիոն չվերթի ապրիլյան սկիզբը: Նա հույս հայտնեց, որ Լիոնի քաղաքապետի՝ Հայաստանում անցկացրած բոլոր ժամերը հետաքրքիր և լեցուն լինեն:
Ժորժ Կեպենեկյանն ասաց, որ սփյուռքը մշտապես փորձել է ներկա գտնվել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: «Այդ ամբողջ պատմությունը մենք ապրել ենք, ընդ որում՝ միմյանց ձեռք բռնած, և այսօր այն փաստը, այն պարագան, որ Լիոնի քաղաքապետը ունի հայկական ծագում և սրտի մեջ կրում է երկու մշակույթներ, դա մի նոր նշան է: Մենք ուզում ենք այս այցով նոր էջ բացել մեր փոխհարաբերությունների մեջ, սա կնշանակի նոր գիրք, նոր հատոր մեր փոխհարաբերությունների պատմության մեջ, մենք պետք է կարողանանք անցնել պրակտիկ և պրագմատիկ աշխատանքների՝ զանազան ատյանների հետ՝ մեր և երևանյան, կարողանանք տարբեր թեմաներ արծարծել ամբողջ Հայաստանով»,- ասաց նա:
Կեպենեկյանը նշեց, որ իր պատվիրակության կազմում կան հայեր, բայց ՝ ոչ շատ: Պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ կրթության, մշակույթի, տնտեսության, բժշկության և այլ ոլորտներից: Լիոնի քաղաքապետը նշեց, որ Երևանի իր գործընկերոջ՝ Տարոն Մարգարյանի հետ գալիք երեք տարիների համար արդեն կարողացել են ապագա փոխհարաբերությունները և զարգացման տեսլականը կիսել: Նա կարևորեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին լավագույնս պատրաստվելը:
«Հուսով եմ՝ մեր հավակնությունները համահունչ են ձեր սպասումներին, և պաշտոնական այս դրվագից հետո ժամանակն է գործի անցնելու»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Լիոնի քաղաքապետը այցելել է Ծիծեռնակաբերդ, եղևնի տնկել Հիշողության պուրակում
- Գևորգ Կեպենեկյանն ընտրվել է Լիոնի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան