Ի՞նչ տրամաբանությամբ է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել. Թանդիլյան
«Կառավարության նիստերի դռնփակ անցկացնելն ի՞նչ նպատակ է հետապնդում։ Միայն չասեք, թե ժողովրդավարություն կամ բանավեճ է ենթադրում, և այդ տրամաբանությամբ ԱԺ նիստերն էլ փակենք»,- ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նախարարը պատասխանեց, թե էական տարբերություն կա օրենսդիր ու գործադիր մարմինների միջև։
«Ի տարբերություն օրենսդրի՝ գործադիր մարմինն աշխատում է կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով, դրանով է պայմանավորված դռնփակությունը։ Ու դա ժողովրդավարական է դիտվում գործադիրի դեպքում՝ ի տարբերություն ԱԺ-ի, որի դեպքում հակաժողովրդավարական կլիներ»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ տրամաբանությամբ է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել, իսկ Սփյուռքի նախարարությունը մնացել։
«Նախարարւթյունների կազմի փոփոխությունը քաղաքական նպատակահարմարության խնդիր է` պայմանավորված նրանով, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում իր աշխատանքը` առավել արդյունավետ կազմակերպելու իմաստով: Իհարկե, Սփյուռքի նախարարությունը կարելի է նաև միավորել, բայց այս պահին կառուցվածքային հենց այս մոդելն է նպատակահարմար»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը։