Ինչո՞ւ առանց միջնորդության նախագահը չի կարող պարգևատրել. Փաշինյանը՝ փոխնախարարին
«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հանրապետության նախագահն առանց միջնորդագրի՝ ինքնուրույն, պարգևատրում անելու լիազորություն ունի՞, թե՞ ոչ:
«Սա հստակ նախագահի լիազորությունն է, ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ հիմնականում առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Ինչպես արդեն նշել եմ՝ 4 անձ հնարավորություն ունի միջնորդագրով դիմելու նախագահին՝ վարչապետը, ԲԴԽ, ՍԴ և ԱԺ նախագահները»։
Ինչ վերաբերում է հարցին՝ թե ինչու ինքնուրույն ՀՀ նախագահը չի կարողանալու նման պարգևներ սահմանել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա բխում է 139-րդ հոդվածից։
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞վքեր կարող են լինել միջնորդության համար դիմող սուբյեկտները և յուրաքանչյուրը սեփական ոլորտի համար պետք է միջնորդություն ներկայացնի, թե օրինակ ՍԴ նախագահը կարող է միջնորդություն ներկայացնել մշակութային որևէ գործչին պարգևատրելու համար։
«Նախատեսված է, որ յուրաքանչյուրը կարող է դիմել իր ոլորտում գործունեություն իրականացնողի համար»,- ասաց փոխնախարարը։