Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը:
Նա նշեց, որ ներկայումս Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում 2 մասնագիտացված ընկերություններ, 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից՝ 3 -ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը:
Նման ցուցանիշը, ըստ Կարեն Կարապետյանի, պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ օրենսդրական թերի կարգավորումներով, մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված չեն լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, անհրաժեշտ խթանող մեխանիզմները, հստակ չեն նման պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման ընթացակարգերը, ինչպես նաև կողմերի պարտավորությունների լիարժեք շրջանակը:
«Լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև կստեղծի բարենպաստ պայմաններ՝ բանկային ծառայությունների ընդլայնման համար»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը, այդ թվում՝ անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցման, պարզեցման, ինչպես նաև ոլորտը խթանելու մեխանիզմների հարցերին։