Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան պատրաստվում է պատանեկան Օլիմպիական խաղերին
Հայաստանը ներկայացնող գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան 2018 թվականի Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց հետո, հայտնի մարզիչ Նատալյա Տիշինայի գլխավորությամբ շարունակում է մարզումները Նիժնի Նովգորոդում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը պատմել է Յուլյայի՝ պատանեկան օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին:
«Յուլյային մի շարք երիտասարդական մրցաշարեր են սպասվում, որոնցից առաջինը կլինի Սոֆիայում (մարտի 26-29-ը): Մայիսի վերջին Իսպանիայի Գվադալահարա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը: Այնուհետև դադար կլինի, որից հետո Վոդոպյանովան Հայաստան կգա՝ մասնակցելու հանրապետության առաջնությանը, որն ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսին: Ավելի ուշ նախատեսում ենք Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք եւ միջազգային մրցաշար անցկացնել: Բուենոս Այրեսից առաջ Յուլյայի համար վերջին մեկնարկը սեպտեմբերին Տաշքենդում անցկացվելիք միջազգային մրցաշարն է: Սոֆիայի եւ Տաշքենդի երիտասարդական մրցաշարերը կանցկացվեն մեծահասակների աշխարհի Գավաթի խաղարկության փուլերին զուգահեռ, որտեղ Հայաստանը կներկայացնի Յասմինա Աղագուլյանը»,- ասել է Գայանե Ներսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան