Բրիտանացի սուզորդն Ինդոնեզիայում լողացել է աղբի հաստ շերտի միջով
Բրիտանացի սուզորդ Ռիչ Հորները, ով ապրում է Ինդոնեզիայում, ցույց է տվել, թե ինչքան աղտոտված է ծովը` Բալիի ափերի մոտ լողալով աղբի միջով և այդ մասին տեսահոլովակ նկարահանելով, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Տեսանյութում, որով ֆեյսբուքում կիսվել է ավելի քան 18 հազար օգտատեր, կարելի է տեսնել տարբեր պլաստմասսե առարկաներ, ինչպես նաև ձկներ ու մեդուզաներ, որոնց հաճախ դժվար է զանազանել աղբից:
Ավելի ուշ սուզորդը նշել է, որ մակընթացությունը տարել է ողջ աղբը, որը սակայն «կշարունակի իր ճանապարհը»` ավելի փոքր մասերի բաժանվելով, բայց այդպես էլ չի անհետանա:
Հատկանշական է, որ մի քանի ամիս առաջ Բալիի իշխանություններն աղբի պատճառով արտակարգ դրություն էին հայտարարել, այն բանից հետո, երբ մամլված պլաստիկը ծածկել էր ափը` գրեթե 6 կմ երկարությամբ: