Երևանի հ. 114 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 350 սաների առջև
Վերաբացվել է Երևանի հ. 114 մանկապարտեզը, որն այսուհետ կկրի «Ծիածան» անվանումը: Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող կրթօջախը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 350 փոքրիկների առջև: Կրթօջախի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները:
Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է ժամանակակից մանկական խաղերով: Կրթօջախն իրականացնում է նաև ներառական կրթություն, որի համար ևս մանկապարտեզում ապահովվել են համապատասխան պայմաններ: