ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի կառավարության՝ Իլգար Մամմադովի գործով վճռի բողոքարկումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի 5 դատավորներից կազմված կոլեգիան նախօրեին մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը, որը ցանկանում էր Մամմադովի վճիռը քննարկման տանել ՄԻԵԴ Մեծ պալատ:
Սա նշանակում է, որ ՄԻԵԴ 2017թ.-ի նոյեմբերի 16-ի վճիռը դառնում է վերջնական, որով դատարանը գտել էր, որ «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով տեղի էր ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (արդար դատաքննության իրավունք) ու Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պետք է կատարի վճիռն ու ազատ արձակի Մամմադովին:
Ադրբեջանի կառավարությունը վիճարկում էր արձանագրված խախտումը: Գործը Մեծ պալատում քննարկելու դիմում էր ներկայացրել նաև Իլգար Մամմադովը, որը պնդում էր, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ միասին արձանագրվել է նաև այլ հոդվածների խախտում, որը ևս մերժվել է:
Հիշեցնենք, որ «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործը վերաբերում է Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին, որը ներկայումս ազատազրկված է՝ 2014թ.-ին զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվելու ու 7 տարի դատապարտվելու պատճառով:
ՄԻԵԴ-ը 2016թ.-ի վճռով գտել էր, որ Մամմադովի ձերբակալությունը եղել է քաղաքական ու կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Մամմադովին, ինչը, սակայն, Ադրբեջանը հրաժարվում է անել: ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել էր, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար:
Ադրբեջանի կողմից Մամմադովին ազատ արձակելու ՄԻԵԴ վճռի չկատարման պատճառով ԵԽ նախարարների կոմիտեն ընդունեց աննախադեպ որոշում, որը կարող է հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման: Նախարարների կոմիտեն հարցով դիմել է ՄԻԵԴ, որը պետք է քննարկի ու որոշում կայացնի, թե արդյոք Ադրբեջանը խախտել է Կոնվենցիան ու չի կատարել իր պարտավորությունը:
Նշենք, որ ԵԽ անդամ երկրները պարտավոր են կատարել ՄԻԵԴ վճիռները: Դրանց չկատարումը Կոնվենցիայի կոպիտ խախտում է, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ԵԽ կանոնադրության խախտում, որը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին երկրի անդամակցության կասեցման համար։