Մաշտոցի պողոտայի թունելում անձրևաջրերի հեռացման համակարգի կառուցման համար կծախսվի 90 մլն դրամ
Առաջիկա 2 ամսում Վեոլիա ջուր ընկերությունը Երևանում Մաշտոցի փողոտայի «Փակ շուկայի» հարակից տարածքում և տրանսպորտային թունելում կկառուցի անձրևաջրերի հեռացման նոր համակարգ: Նախագծի արժեքը 90 մլն ՀՀ դրամ է, կապալառուն՝ «Էմօշին» ՍՊԸ-ն:
Ընկերությունից մանրամասնում են, որ տարածքում նման համակարգ կա, մասնավորապես, թունելում: Սակայն վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ հորդ անձրևների ժամանակ այն ի վիճակի չէ հընթացս հեռացնել առաջացող անձրևաջրերը: Վերջիններիս կուտակումներն այստեղ հետևանք են ոչ միայն նույն Մաշտոցի պողոտայից հավաքվող ջրերի, այլև ավելի բարձրադիր Սարյան ու Պարոնյան փողոցներից սրընթաց իջնող հոսքերի:
«Այդ ջրերն ու քամին իրենց հետ բերում են տարատեսակ կենցաղային աղբ, օրինակ, պոլիէթիլենե տոպրակներ, որոնք փակում են անձրևընդունիչների ճաղավանդակները, ինչի հետևանքով, այս տարածքում երբեմն անձրեաջրերի կուտակումներ են նկատվում: Վերջիններս լցվում են ստորգետնյա անցումը, հեղեղում պողոտան ու ներթափանցում թունել, դրանով իսկ խոչնդոտելով տրանսպորտի ու անցորդների երթևեկը»,-խնդիրը ներկայացնում են «Վիոլա ջուր» ընկերությունից:
Խնդրի լուծման նպատակով, ներկայումս կառուցվում է լրացուցիչ 460 մետր երկարությամբ անձրևաջրերի հեռացման նոր համակարգ՝ 500 և 600 մմ տրամագծով երկշերտ ծալքավոր խողովակներից: Սկիզբ առնելով շուկայի հարակից տարածքից, այն կտրում է պողոտան, մտնում է թունել, դուրս է գալիս «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ և, շրջվելով աջ, միանում է «Հաղթանակի կամուրջի» հարակից տարածքով անցնող 800 մմ տրամագծով կոլեկտորին:
Նույն խնդրի լուծման համար, վերջերս Պարոնյան փողոցում ավելացվել է անձրեատար համակարգի թողունակությունը, տեղադրվել են նոր ճաղավանդակներ: Դրա շնորհիվ զգալիորեն կնվազի այստեղից դեպի Մաշտոցի պողոտա հոսող ջրի քանակը, կթեթևանա կառուցվող նոր ցանցի ծանրաբեռնվածությունը ու ջուրն «առանց կանգառի» կգնա-կհեռանա դեպի կոլեկտոր:
Արդեն իսկ փորվել է մոտ 200մ խրամուղի, սկսվել է խողովակների տեղադրումը: Գործն թափով առաջ է գնում: Ճիշտ է, առջևում մի դժվարին հատված կա. խորությունը 3,7 մետր, գրունտը ապառաժ, բայց բազմափորձ շինարարն իր անելիքը գիտի: Նոր անձրևատարը շարք կմտնի ժամանակին:
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պողոտայի թունելում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները
- 2 ամսով կդադարեցվի Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին