Արա Բաբլոյան. Կանայք երբեմն պարտադրում են աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ: ԱԺ հանրային կապերի փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:
Այս տոնը հնարավորություն է ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում և մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում և նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:
Ոգևորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաև պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ:
Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և լավատեսություն»: