«Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը Իրանի շուկային մոտ լինելն է». Կարեն Կարապետյան
Սյունիքի մարզի 2017թվականի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 275.04 մլրդ դրամ, գյուղատնտեսականինը՝ 62,1 մլրդ դրամ, շինարարությանը 18.08 մլրդ դրամ, մանրածախ ապրանքաշրջանառությանը՝ 19.4 մլրդ դրամ, վճարովի ծառայություններինը՝ 35.5 մլրդ դրամ: Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ նախօրեին մարզում Վարչապետ Կարեն Կարապետյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ։
Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում իրականացվել է 40.2 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 573 հիմնական աշխատատեղ: 2018թ. նախատեսվում է 52.2 մլրդ դրամի ներդրում և 1077 ոչ գյուղատնտեսական աշխատատեղի ստեղծում: Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերի շրջանակում Կապանում «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ՍՊԸ-ի ջանքերով արդեն գործում է իտալական պիցցայի արտադրության ձեռնարկություն, ստեղծված է 10 աշխատատեղ, 2018 թ. նախատեսվում է ունենալ մոտ 70 աշխատատեղ: Ներդրվել է 500 հազ ԱՄՆ դոլար, սարքավորումները ներկրվել են Իտալիայից: Ձեռնարկությունը ստացել է «Հալալ»-ի սերտիֆիկատ, ինչը հնարավորություն է տալիս արտադրանքն արտահանել Իրան: Կապանում բացվել է մուլտի բրենդ աութլեթ խանութ. ներդրվել է 20 մլն դրամ, ստեղծվել է 10 աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ արդեն դիմել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարություն, որպեսզի մրցույթ հայտարարվի Կապան-Ջուլֆա ավտոբուսային երթուղու համար, որի նպատակը Իրանի Արազ ազատ տնտեսական գոտու ներկայացուցչության հետ համագործակցության զարգացումն է:
Սկսվել է Կապանի օդանավակայանի ուղևորային համալիրի շինարարությունը. նախատեսվում է շուրջ 4.5 մլրդ դրամի ներդրում, 15-25 աշխատատեղի ստեղծում: Մարտի 15-ին Կապանում կբացվի գերմանական արտադրության կինոտեխնիկայով հագեցած կինոթատրոն. ներդրումների ծավալը կազմում է 140 մլն դրամ, կստեղծվի 10-15 աշխատատեղ: 2018 թ. Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում կսկսի աշխատել մոտ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան (100 աշխատատեղ, արտահանման շուկան՝ Ուկրաինա):
«Սյունիքի մարզում ոչխարաբուծությունը մեծ ներուժ ունի, որովհետև Իրանի շուկան շատ մեծ է: Իրանի հետ մենք ունեցել ենք բավական արդյունավետ խոսակցություն: Մենք Իրան արտահանում ենք ընդամենը 25 մլն ԱՄՆ դոլար ապրանք առանց էներգետիկայի՝ այն պարագայում, երբ Իրանը ներմուծում է 41.5 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք: Պայմանավորվել ենք արտահանող-ներմուծող ընկերություն ստեղծել և աշխատել ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը հենց այդ շուկային սահմանակից լինելու հանգամանքը պետք է լինի», - ասել է Կարեն Կարապետյանը:
Սյունիքի մարզում ոռոգելի հողատարածքների ծավալը 8.2 հազ. հա է, փաստացի ոռոգվում է 4700 հա. չոռոգման հիմնական պատճառը ներքին ցանցերի բացակայությունն է: Մարզպետի խոսքով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկվել է Մեղրու տարածաշրջանում ջրամբարի կառուցման հարցը:
Այժմ ուսումնասիրության փուլում են նախագծային փաստաթղթերը, ծրագրի նախնական արժեքը մոտ 2.5 մլն ԱՄՆ դոլար է: Անդրադառնալով խնդրի լուծմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է. «Ջրամատակարարման ապահովման հարցը մեզ համար թիվ մեկ թեման է լինելու, այսինքն՝ մենք հիմա ինչքան գումար խնայողություն անենք և ինչքան ավելի հավաքենք, հիմնական մասն ուղղելու ենք ջրամատակարարմանը: Մեր ջրային ռազմավարության մի մասը հետևյալն է. խոշոր ջրամբարներից անցում կատարել փոքր ու միջին ջրամբարաշինությանը՝ ներգրավելով մասնավոր բիզնեսին: Ծրագրով 11 ջրամբար է ընտրված՝ բիզնես տրամաբանությամբ: Մենք կսուբսիդավորենք ջրամբարի ծրագիրը՝ կամ գնելու, կամ կառուցելու ժամանակ: Եթե, ասենք, պայմանականորեն 10 միլիոնանոց ծրագիր է, և բիզնեսը ֆինանսավորում է 7 մլն-ը, ապա պետությունը կսուբսիդավորի 3 մլն-ը: Արդյունքում կունենանք 10 միլիոնանոց ջրամբարի բանաձև և ոչ բարձր սակագին: Ես ջրամբարների ծրագրին հավատում եմ և պետություն-մասնավոր համագործակցության ամենաարագ արդյունք տվող ծրագրերից մեկն եմ համարում», - նշել է կառավարության ղեկավարը՝ առաջարկելով Սյունիքի մարզի բիզնես կառույցների հետ քննարկել և կառավարություն ներկայացնել բիզնես ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում