Հայաստանում տղամարդկային հասարակություն է, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք. Բախշյան
Ամբողջ գարունը կանացի տոն է: Մարտի 1-ից սկսած՝ ամեն օր կանանց կարելի է սեր բացատրել, ջերմ խոսքեր ասել և մեծարել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանը՝ առանձնահատուկ շնորհավորելով հատկապես սահմանը պահող զինվորների մայրերին:
Նրա խոսքով, հասարակության մեջ կանայք ունեն իրենց լուրջ դերը, և դա Մարտի 8-ի տոնով պայմանավորված չէ. «Սա գարնան տոն է, իսկ կանանց իրավունքների մասին պետք է խոսվի ամեն օր: Ինչ վերաբերում է վեցերորդ գումարման ԱԺ-ին, ապա կանանց ներգրավածությունն այդ մարմնում հանդուրժողականություն է բերել: Քաղաքական մշակույթը զգալի փոխվել է»:
Վերլուծաբան Անուշ Սեդրակյանն իր հերթին նկատեց, որ միգուցե պետք է կանանց իրավունքների տոն սահմանել, Հայաստանում ամեն օր պետք է կանանց իրավունքների համար պայքար ընթանա. «Գարունը մի օր պետք է ավարտվի, իսկ կանայք միշտ են լինելու: Շատ-շատ մտահոգիչ գարուն ենք ապրում: Անվերջ ուզում են գործի դնել Հիտլերի ժամանակ կանանց ընդունված մոդելը՝ կինը պետք է երեխա ունենա, լինի խոհանոցում և եկեղեցի գնա: Հասարակությունը կնոջ իրավունքների նկատմամբ հանդուրժողական է այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հատել կարծրատիպերով գծված սահմանները, սակայն հայ կանայք արժանի են երջանիկ լինել»:
Ասուլիսին ներկա «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն էլ նշեց, որ Մարտի 8-ի տոնը ֆետիշացնելը մի բան է նշանակում. այն է՝ կինն այնքան նսեմացած և հասաակության մեջ անտեսված է, որ տարվա մեջ մեկ օր տոն սահմանելով՝ ցանկանում են նրանց ուշադրության կենտրոնում պահել:
Նրա համոզմամբ, լավ կլիներ, եթե սահմանվեր կանանց իրավունքների իրացման տոն. «Կանայք հասարակության լիարժեք անդամ չեն դիտվում: Երբ մարդու հետ շփվում են և նկատում են նրա սեռը, նշանակում է՝ առկա է գենդերային անհավասարություն: Բայց պետք է նկատել, որ օրինակ կին լրագրողներն ավելի խիզախ են, համարձակ և աշխատանքի հանդեպ ավելի պատասխանատու: Կանայք երբեք չպետք է թույլ տան, որ տղամարդիկ կառավարեն իրենց գործողությունները»:
Պարզվեց՝ տոնը չի սիրում նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Բոլորս երեկ էլ ենք կին եղել, վաղն էլ ենք կին լինելու: Մեր երկրում տղամարդկային հասարակություն է, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք: Ես կանանց միամսյակ չեմ ուզում, ուզում եմ, որ տարվա բոլոր օրերին կանանց նկատմամբ լինի հավասար վերաբերմունք: Սակայն ուզեն, թե չուզեն, կանայք լուրջ առաքելություն ունեն: Կանայք քաղաքականության մեջ բերել են հանդուրժողականության ավելի բարձր աստիճան: Միաժամանակ, երբ տղամարդիկ տեսնում են, որ խելքով չեն կարողանում առաջ շարժվել, գործի են դնում արմունկները՝ մի կողմ հրելով կանանց»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կինն իր մեղմությամբ կարող է մեծ արդյունքների հասնել: