Եվրոպացի և հայ փաստաբանները Երևանում քննարկում են մարտահրավերների դիմակայման հնարավորությունները
Երևանում մարտի 9-ին մեկնարկել է «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փաստաբանների պալատն արդեն մի քանի տարի է՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միության խորհրդի դիտորդ անդամ է, խորհուրդը միավորում է բոլոր փաստաբաններին, փորձում նրանց խնդիրների լուծման ուղիներ գտնել:
Երևանում մեկնարկած համաժողովն, ըստ Զոհրաբյանի, նվիրված է պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և հեռանկարներին. «Տեխնոլոգիաների անզուսպ զարգացման այս դարաշրջանում, երբ տվյալների փոխանակումն էլ այլևս սահմաններ չի ճանաչում, փոխվել է մարտահրավերների նույնիսկ անատոմիական կառուցվաքը, այդ զարգացումերին համընթաց՝ պետք է նաև մեր հնարավորությունները զարգացնենք»:
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ համաժողովի ժամանակ առաջարկելու են համագործակցության մեկ հարթակ ստեղծել՝ հաշվի առնելով, որ երբեմն դատավորները կարիք են ունենում այլ պետության տարածքում ներդրումների կամ գործընթացների մասով իրենց վստահորդներին իրավաբանական օգնություն տրամադրել: Նրա խոսքով՝ հաճախ մեր փաստաբանները, երբ այլ երկրի հետ կապված՝ փաստաբանի կարիք են ունենում, փորձում են Պալատի միջոցով այդ կոնտակտը ստեղծել: «Ուզում ենք ստեղծել մի հարթակ, որ եթե փաստաբանին, ասենք, Ֆրանսիայից մի փաստաբանի կոնտակտ է պետք, Ֆրանսիայի փաստաբանների ցանկում՝ ըստ մասնագիտացման ընտրի մի փաստաբանի»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր հարթակում կլինեն որոշակի խաղի կանոններ:
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միության խորհրդի երկրորդ փոխնախագահ Ռանկո Պելիչարիչը նշեց, որ մեծ պատիվ է իր համար՝ լինել Երևանում և մասնակցել կարևոր թեմաների անդրադարձող այս խորհրդաժողովին: Նրա խոսքով՝ պետք է քաջալերել երկխոսությունը դատական համակարգի բոլոր մասնակիցների միջև. «Երկխոսությունը և փաստաբան-դատավոր-արդարադատության նախարարություն համագործակցությունը պարտադիր պայման է, որ լրացուցիչ լուծումներ գտնվեն դատական համակարգում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին