Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անվան ճեմուղին
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվել է անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զաբել Եսայանի անունով:
Բացման արարողությանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Զաբել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Ճեմուղու բացման արարողությունից իր թվիթերյան միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Անն Իդալգոն։
Գրող, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանը ծնվել է 1878թ. փետրվարի 5-ին Կ. Պոլսի Սկյոլտար թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Ս. Խաչ վարժարանում: 1895р. վերջերին տեղափոխվել է Փարիզ և աշխատակցել է Գվիդոն Լուսինյանի ֆրանսերեն-հայերեն բառարանին՝ իբրև սրբագրիչ և խմբագիրներից մեկը, միաժամանակ Սորբոնի համալսարանում լսել գրականության դասընթացներ: Փարիզում նա մտերմացել է հայ մտավորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ:
1909թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո նա Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ոզբերգությանը և տպավորությունները ներկայացրել «Ավերակներու մեջ» (Կ.Պոլիս, 1911) գրքում:
Հայոց Մեծ եղեռնի տարիներին Միջին Արևելքի երկրներում Զ.Եսայանը կազմակերպել է հայտարագիրների և որբերի հավաքման, նրանց խնամքի ու տեղափոխման գործը: Այդ շրջանում էլ նա գրել է «Վերջին բաժակը» (Փարիզ, 1916), «Հոգիս աքսորյալ» (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտահայտել հայոց ագգային մեծ ոգբերգության առիթով:
Զ. Եսայանի լավագույն ստեղծագործություններից են «Նահանջող ուժերը» (Եր., 1926), «Պրոմեթեոս ազատագրված» (Մարսել, 1927), «Սիլիհտարի պարտեզները» (Եր., 1935), «Մուրադի ճամփորդությունը» (Եր., 1990) գործերը:
1933թ. խորհրդային կառավարության հրավերով Զ. Եսայանը եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և մասնավորապես ֆրանսիական գրականության դասընթացը:
Զ. Եսայանի գործունեությունն ընդհատվեց 1937թ., կյանքը՝ ավելի ուշ՝ 1943-ին Բաքվի բանտում:
ԽՍՀՄ զինվորական կոլեգիան, որ շատերի հետ կայացրել էր Զ. Եսայանի մահավճիռը, 1957թ. հետմահու արդարացրեց նրան՝ ճանաչելով անմեղ: