Դատավորը պետք է լինի անկողմնակալ, իսկ փաստաբանը՝ կողմնակալ. Ստանիսլավ Բալիկ
Հայաստանում լինելը հնարավորություն է նաև ճանաչել հայ փաստաբաններին: Մարտի 9-ին Երևանում կազմակերպված համաժողովի ժամանակ այս մասին նշեց Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միության խորհրդում Չեխիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ստանիսլավ Բալիկը: Նա խոսեց փաստաբանական էթիկայի կանոնների մասին: Բալիկի խոսքով՝ դատավորը որոշում կայացնելու համար պետք է ունենա փորձ, գիտելիք, ինչպես նաև հասուն տարիք և մտավոր տեսանկյունից բավականաչափ հասուն լինի, քանի որ ոչ բոլորը կարող են մասնագիտական գործ անել, եթե պատշաճ պատրաստված չեն:
«Ինչպիսի՞ն պետք է լինեն դատավոր-փաստաբան հարաբերությունները. փաստաբանը դատարանի ընկերն է, այն խնդիրները, որ կապված են փաստաբանի և դատարանի հարաբերությունների հետ, և իրավական են, և շատ ավելի մեծ՝ մասնագիտական էթիկայի խնդիրներ: Այդ հարաբերությունները պետք է մնան անկողմնակալ և անկախ»,- ասաց նա:
Բալիկի գնահատմամբ՝ դատավորի վարքի նորմերը կարևոր պայման են հանրային վստահության համար, դրանք երաշխավորում են դատական համակարգի արդյունավետ գործունեությունը: Ըստ բանախոսի՝ դատարանները պետք է առանց կանխակալության և սուբյեկտիվության անեն իրենց գործառույթները, հավուր պատշաճի, դատավորը որոշում պետք է չկայացնի՝ հաշվի առնելով որևէ բան, որը դուրս է իրավունքի գերակայության կիրառության դաշտից: Դատավորները, Բալիկի խոսքով, պետք է ի զորու լինեն իրենց պարտականությունները կատարել, նրանք իրենց պետք է այնպես պահեն, որ խուսափեն շահերի բախումից, իրենց հարգալից դրսևորեն մասնավոր կյանքում:
«Փաստաբանը պետք է կոնտակտի մեջ չմտնի դատավորի հետ, եթե նախապես չի տեղեկացրել մյուս փաստաբանին, փաստաթղթեր պետք է չներկայացնի դատավորին, եթե չի ներկայացրել մյուս փաստաբանին, փաստաբանը թույլատրված չափով կարող է դատարանին չներկայացնել առաջարկներ, որոնք մյուս կողմի փաստաբանին են ներկայացվել, եթե չի ստացվել նրա միանշանակ համաձայնությունը»,- ասաց նա:
Փաստաբանն, ըստ Բալիկի, պետք է դատավորից անկախ ու անվախ պաշտպանի իր վստահորդի շահերը՝ մի կողմ թողնելով իր շահերը, իր անձի համար հնարավոր հետևանքները, կեղծ տեղեկություն պետք է չտրամադրի: Բալիկը շեշտեց՝ դատավորը պետք է լինի անկողմնակալ, իսկ փաստաբանը՝ կողմնակալ, վարույթի մասնակիցների մեջ թշնամանքի կարիք չկա, հակառակը՝ բազմաթիվ պատճառներ կան, որոնց համար փաստաբանի և դատավորի հարաբերությունները պետք է լավագույնը լինեն:
Ամփոփելով՝ նա նշեց, որ փաստաբանի և դատավորի հարաբերությունները կախված են այն հանգամանքից՝ արդյո՞ք երկուսն էլ իրապես անկախ են, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում