Խոսքի ազատությունը միջոց է, ոչ թե՝ ավարտված երևույթ. Արա Ղազարյան
Փաստաբանը արդարադատության համակարգի բաղկացուցիչ մաս է, իսկ լրագրողը՝ ոչ: Մարտի 9-ին Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին նշեց փաստաբան Արա Ղազարյանը՝ հավելելով, որ այստեղ լրագրողների և փաստաբանների ճանապարհները բաժանվում են: Ըստ Ղազարյանի՝ մինչ այդ իրենք միասին են քայլում, խոսքի ազատության բոլոր սկզբունքները հավասարապես կիրառում են, որովհետև այս երկու մասնագիտական խմբերը ունեն չափազանց կարևոր առաքելություն հասարակության համար:
Արա Ղազարյանը առանձնացրեց ոլորտի համար կարևոր երեք գործոն՝ ազատության արտահայտում, դատարանի հեղինակությունը, փաստաբանի հատուկ դերը, կարգավիճակը այս համակարգում: Նա նշեց, որ այսօր Հայաստանում կա հավասարակշռված դատական պրակտիկա լրագրողների հանդեպ: «Խոսքի ազատությունը դիտարկել որպես միջոց, ոչ թե՝ որպես ավարտված երևույթ. սա դժվար է ներշնչել լսարանին: Պետք է հասկանալ, որ խոսքի ազատությունը, նաև արդար դատաքննության իրավունքը միջոցի, հնարավորության մասին իրավունք է, ոչ թե ավարտված երևույթ, ուստի շատ կարևոր է՝ ինչ նպատակ է հետապնդում փաստաբանը, երբ օգտվում է իրեն տրված ամբիոնից, խոսքի ազատությունից»,- ասաց նա:
Ղազարյանի խոսքով՝ խոսքի ազատությունն օգտագործվում է որպես ճշմարտության բացահայտում, ցանկանում են իմանալ ճշմարտությունը՝ և արտահայտվելիս, և տեղեկություն ստանալիս: Երկրորդ կարևոր գործոնը անձի ինքնազարգացումն է, ինքնաիրացումը, երրորդը՝ ժողովրդավարական ինքնակարգավորումը, այսինքն՝ հանրային վերահսկողությունը պետական մարմինների ու նաև դատարանների վրա:
Ղազարյանը նշեց՝ գալիս է մի պահ, երբ փաստաբանը մնում է մենակ և պիտի որոշի՝ անցնի՞ սահմանը հանուն իր պաշտպանյալի, թե՞ ենթարկվի կանոնին:
«Այն պահից, երբ գործը գրավում է լրատվամիջոցների ուշադրությունը, հատկապես՝ երբ վճռվում են պետության համար կարևոր փաստեր, պաշտպանության իրավունքները որոշ դեպքերում կարող են արդյունավետ կերպով պաշտպանված լինել միայն հրապարակային արտահայտության միջոցով, նույնիսկ այնպիսիք, որոնք որոշակիորեն աղմկոտ են»,- ասաց նա՝ հավելելով, որ փաստաբանները երբեմն չունեն այլընտրանք, քան հանրորեն հայտարարություններ կատարելը, որպեսզի բարձրաձայնեն վարույթի պատշաճ իրականացման խոչընդոտների վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին, նման դեպքերում փաստաբանները պետք է ունենան գրեթե նույն մակարդակի իրավունք, ինչ լրագրողները:
Ղազարյանը շեշտեց՝ որքան էլ լրագրողը ցանկանա, նա արդարադատության համակարգի մաս չէ, և այստեղ գործ ունեն փաստաբանի հատուկ կարգավիճակի հետ: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը փաստաբանին համարում է միջնորդ՝ դատարանի և հասարակության միջև:
«Իհարկե, դա այդպես է: Եթե նա միջնորդ է, այդ համակարգի բաղկացուցիչ մասն է, ուրեմն նա ունի կարևոր դերակատարում՝ դատարանի հեղինակությունը հանրության աչքերում ապահովելու համար: Փաստաբանը չի կարող սպիտակ ձեռնոցներով աշխատել, երբեմն կարող են լինել իրավիճակներ, երբ նա պետք է գնա ծայրահեղությունների. դա այն պահն է, երբ չափազանց կարևոր հասարակական-հանրային խնդիր է, կամ խաղատախտակին դրված է իր պաշտպանյալի առողջությունը կամ նույնիսկ կյանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս խնդիրը կա նաև լրագրողների դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Դատական համակարգի հանդեպ վստահությունը քննադատությունից զերծ պահելով չի ձևավորվում. Ջեֆրի Շենոն
- Դատավորը պետք է լինի անկողմնակալ, իսկ փաստաբանը՝ կողմնակալ. Ստանիսլավ Բալիկ
- Եվրոպացի և հայ փաստաբանները Երևանում քննարկում են մարտահրավերների դիմակայման հնարավորությունները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում