«Ամենափրկիչ» կանայք. Նարինե Ստեփանյան
Օդում, ջրում, ցամաքում՝ կանչի հետևից կյանք փրկելու առաքելությամբ: Այսպես դասավորվեց մասնագիտությամբ ծրագրավորող, ֆինանսիստ Նարինե Ստեփանյանի կյանքը, երբ նա որոշեց փրկարար դառնալ: Բարձր վարձատրվող, հեռանկարային մասնագիտություններ ունենալը չազդեց աշխատանք ընտրելու որոշման վրա:
Նարինեն Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում է արդեն ինը տարի, առաջին հինգ տարիներին ադմինստրատիվ աշխատանք էր կատարում, հետո հատուկ նշանակության ջոկատում ընդգրկվելու որոշում կայացրեց: Հավատացնում է՝ մինչ այս պահը որևէ անգամ չի զղջացել դրա համար:
Թե անցած տարիներին քանի մարդու է գործընկերների հետ օգնել ու փրկել, Նարինեն արդեն չի հաշվում: Առաջին մեկ տարվա վիճակագրությունից հետո խճճվեց թվերի մեջ: Ամենածանրն ինքնասպանություններն ու ավտոպատահարներն են: Մահվան ելքով դեպքերը ծանր են, բայց աշխատում է նույն մտքի վրա չկենտրոնանալ:
Panorama.am-ի հետ զրույցում անկեղծանում է, զգացմունքներին ու արցունքներին տեղի է տալիս հերթափոխը հանձնելուց հետո՝ աշխատանքնային օրն ամփոփելիս: Տանը ծնողներին ոչ մի դժվարության մասին չի պատմում, բավարարվում է՝ «ծառայությունը լավ է անցել» ասելով: Սկզբում ծնողների համար էլ հեշտ չի եղել, չեն ընդդիմացել դստեր որոշմանը, բայց շատ են անհանգստացել:
«Ամեն ինչ արժե այն գիտակցումը, որ դու քո աշխատանքով մարդկանց ես փրկում, մեր առաքելությունը մարդու կյանքի գինն է: Առաջին ամիսներին շատ դժվար էր, բայց դու պարտավոր ես մի կողմ դնել հուզմունքդ, զգացմունքներդ: Ես դրա իրավունքը չունեմ, նման բան ինձ թույլ չեմ տվել, դրանք խանգարում են աշխատանքին»,-ասում է Նարինեն:
Զավեշտալի դեպքեր էլ են լինում, օրինակ, «տատիկի բնակարանում օձ կա» ահազանգով մեկնել են, սակայն լոգարանում սողունի փոխարեն ռետինե խողովակ են հայտնաբերել:
Աշխատանքի ընթացքում նա հասկացել է՝ կանայք հոգեբանորեն ավելի ուժեղ են ու հոգատար.
«Մենք ավելի ամուր ու տոկուն ենք, քան տղամարդիկ, բայց իհարկե, գործի մեջ մեր տղամարդ փրկարարները պրոֆեսիոնալ են, ցույց չեն տալիս»:
Ջոկատում տղամարդիկ մեծամասնություն են կազմում, Նարինեն հերթափոխում միակ կինն է: Վտանգավոր, ծանր ֆիզիկական աշխատանքների դեպքում գործընկերները նրան հետ են պահում, չեն թողնում առաջ գնա, աջակցում են ամեն հարցում:
Մանուկ հասակում Նարինեն իրեն բեմում երգելիս էր պատկերացնում: Հիշում է, որ փոքր տարիքում ամերիկյան մի սերիալ էր նայում՝ 911. «Ես այնքան հաճույքով ու ուշադրությամբ էի նայում այդ սերիալը, կային դրվագներ, որ մտածում էի՝ ինչքան լավ կլիներ, եթե ես այդ իրավիճակում լինեի: Բայց երբեք չէի պատկերացնի, որ իմ փոքր ժամանակվա երազանքն իրականություն կդառնա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները