Դատական համակարգի հանդեպ վստահությունը քննադատությունից զերծ պահելով չի ձևավորվում. Ջեֆրի Շենոն
Ժողովրդավարությունը գնահատվում է նրանով, թե որքանով ես կարողանում քո երկրում խոցելի խմբերի իրավունքները պաշտպանել: Այս մասին Երևանում մարտի 9-ին անցկացվող համաժողովի ժամանակ նշեց Իռլանդիայի իրավաբանների համայնքի Ուսումնական գծով փոխտնօրեն, ԵԽ միջազգային փորձագետ Ջեֆրի Շենոնը:
Նրա խոսքով՝ հստակ պետք է իմանալ՝ այս ամենում ո՞րն է դատավորի, ո՞րը՝ փաստաբանի դերը: Շենոնի գնահատմամբ՝ դատավորների համար կարևոր է հանդիպել մասնագետների, ինչպես նաև ոչ մասնագետների. այդ հանդիպումները տալիս են միասհական արդյունքներ: Նա կարևորեց դատավորների հանդեպ հաշվետվողականության կիրառումը:
Շենոնը նշեց, որ Իռլանդիայում, օրինակ, դատական խորհրդի մասին օրենք են ուզում ընդունել, որ հաշվետվողականություն կապահովի թե փաստաբանների, թե դատավորի համար, քանի որ փաստաբանները գիտեն՝ ում են իրենք հաշվետու, իսկ դատավորների դեպքում երբեմն հարց է առաջանում՝ ու՞մ են հաշվետու նրանք:
«Ժողովրդավար հասարակության մեջ կարևոր է, որ բոլորը հաշվետու լինեն: Խնդիրը կողմնակալությունը, կանխակալությունն է: Երբեմն կարևոր է, որ դատավորները գիտակցեն՝ պետք է չհայտնվեն մի դիրքում, որ ընկերական հարաբերություններ հաստատեն, որը կարող է ստեղծել ընկալում, որ իրենք կողմնակալ են»,- ասաց նա:
Շենոնի խոսքով՝ դատական համակարգի հանդեպ վստահությունը չի ձևավորվում նրանով, որ իշխանությանը զերծ են պահում քննադատությունից: Նա նաև ընդգծեց՝ պետք է նաև ապահովել, որ դատավորները չզբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ, գործարար հարաբերություններում ներգրավված չլինեն, դա կարող է նրանց որոշումների անաչառությունը կասկածի տակ դնել, խաթարել դատական համակարգի ընդհանուր ընկալումը:
«Դատավորները, ամեն դեպքում, կարևորագույն դեր են կատարում ցանկացած գործի քննության մեջ, գործի վարույթը պահանջում է, որ լինի որոշակի չեզոքություն՝ թե դատարանի, թե փաստաբանի տեսանկյունից, նրանք պետք է ունենան թափանցիկ վարքականոն»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում