Ֆրանսիացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն այսօր կհնչեն Ա. Խաչատրյան համերգասրահում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և տաղանդավոր ջութակահար, միջազգային բազմաթիվ փառատոների մասնակից, տասնութամյա Սոֆյա Վարդանյանի համատեղ համերգը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հայաստանցիները կարող են վայելել այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լրատվության բաժնի հաղորդմամբ, համերգն անցկացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում: Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, դրանց թվում՝ Բեռլիոզի «Բեատրիչե և Բենեդիկտ» օպերայի նախերգանքը, Միրզոյանի «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում» ջութակի և նվագախմբի համար գործը, Ռավելի «Գնչուհի» կոնցերտային ռապսոդիան՝ ջութակի և նվագախմբի համար և Ֆրանկի Սիմֆոնիան (ռե մինոր):
Ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ հետևողականորեն հանրությանն է ներկայացնում հայ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողներին: Վերջիններս, չնայած իրենց երիտասարդ տարիքին, հասցրել են լավագույնս ներկայանալ երաժշտական միջազգային ասպարեզում՝ մեր երկրին հնարավորություն տալով հպարտությամբ կանգնելու դասական հարուստ ավանդույթներ ունեցող երաժշտական գերտերությունների կողքին:
Նվագախմբի հետ պարբերաբար համատեղ համերգներով հանդես են գալիս տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներ՝ շեփորահար Դանիել Մելքոնյանը, ջութակահարներ Դիանա Ադամյանը և մարտի 9-ի համերգի մենակատար Սոֆյա Վարդանյանը:
Սոֆյան, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն երրորդ անգամ է հանդես գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Առաջին անգամ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել 2012թ.-ին՝ Բեթհովենի «Ռոմանսի» կատարմամբ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան), իսկ 2016-ին՝ Բախի Կրկնակի կոնցերտի կատարմամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Մարտի 9-ին նա հանդես կգա Էդվարդ Միրզոյանի «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում» ջութակի և նվագախմբի համար և Ռավելի «Գնչուհի» կոնցերտային ռապսոդիայի կատարմամբ:
Սոֆյա Վարդանյանը ծնվել է 1999-ին, Երևանում, երաժիշտների ընտանիքում: Ջութակ սկսել է նվագել յոթ տարեկանից: Ավարտել է Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ը, սովորել է պրոֆ. Ալեքսանդր Կոսեմյանի (2007-2014) և պրոֆ. Արտաշես Մկրտչյանի (2014-2017-ին) դասարաններում: 2017-ի սեպտեմբերից Սոֆյա Վարդանյանը սովորում է Detmold Musik Hochschule-ում (Գերմանիա)՝ պրոֆ. Մարիա-Էլիզաբեթ Լոթի դասարանում:
Սոֆյան բազմիցս մասնակցել է տարբեր միջազգային փառատոնների՝ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոն (2012թ.), Երևանյան միջազգային երաժշտական փառատոն (2015, 2016 թթ.), հայտնի թավջութակահար Յան Ֆոգլերի հրավերով մասնակցել է Morizburg Music Festival-ին (2017թ.), Փառատոն-Ակադեմիայի շրջանակում Սոֆյան ելույթ է ունեցել հունգար կոմպոզիտոր Միկլոշ Ռոժայի Երկու ջութակի համար գրված սոնատի կատարումով և «20-րդ դարի կոմպոզիտորի ստեղծագործություն» անվանակարգում արժանացել է “Moritzburg Festival Academy Prize”-ին:
Համագործակցել է անվանի երաժիշտներ Բորիս Բրովցինի, Բորիս Անդիրանովի, Դիմուտ Պոպպենի, Իդա Կավաֆյանի և ջութակահար Լևոն Չիլինկիրյանի և այլոց հետ:
Ս.Վարդանյանը մասնակցել է Վադիմ Ռեպինի, Դիմուտ Պոպպենի, Դայշին Կաշիմոտոյի, Լատիցա Հոնդա-Ռոզենբերգի, Քիմ Քաշքաշյանի, Պավել Վերնիկովի, Բորիս Բրովցինի, Սերգեյ Կռիլովի, Ակիկո Սուվանայի, Անի և Իդա Կավաֆյանների վարպետության դասընթացներին:
2017թ-ի ապրիլին Սոֆյան մասնակցել է աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի վարպետության դասընթացներին (Հունաստան): 2016-ի մայիսին երիտասարդ ջութակահարուհին մասնակցել է Deutsch-Armenische Musikgesellschaft-ի Երևանում կազմակերպած՝ պրոֆ. Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերի վարպետության դասընթացներին և ելույթ է ունեցել եզրափակիչ համերգին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան