Սրտաբանները սիրտ-անոթային խնդիրներով անձանց խորհուրդ են տալիս շփվել դրական աուրայով մարդկանց հետ
Գարունը, բացի դրական էմոցիաներից, որպես կանոն իր հետ բերում է նաև սիրտ-անոթային մի շարք խնդիրներ: Մասնավորապես, գարնան ամիսներին սրտային հիվանդությունների թիվն ավելանում է 30-40 տոկոսով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սրտաբան Մարինա Օրդյանը:
Նրա խոսքով, ձմռանը օրգանիզմի դիմադրողականությունը զգալիորեն ընկնում է, ինչի հետևանքով արդեն գարնանը սրտանոթային հիվանդությունները սկսում են ակտիվանալ:
«Եղանակային տատանումները նպաստում են անոթների սպազմին, ինչն ի վերջո կարող է հանգեցնել ինֆարկտների և ինսուլտների: Վերջին շրջանում այս խնդիրներով հիվանդների թիվը զգալի ավելացել է: Ստեղծված իրավիճակում օրգանիզմի դիմադրողականությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի շատ միրգ-բանջարեղեն օգտագործել, նվազեցնել ճարպոտ սննդի օգտագործումը, բացառել ծխելը: Բացի այդ՝ աշխարհի բոլոր սրտաբանները սիրտ-անոթային խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ են տալիս շփվել առավելապես դրական աուրայով մարդկանց հետ»,- ասաց Մարինա Օրդյանը:
Սրտաբանն ընդգծեց, որ տղամարդիկ սրտանոթային հիվանդությունների նկատմամբ խոցելի են 40, կանայք՝ 50 տարեկանից հետո:
Ասուլիսին ներկա հոգեբան Լիլիթ Խաչատրյան իր հերթին նկատեց, որ գարնան սկիզբը շատերի համար կարող է առանձնանալ սթրեսով և դեպրեսիաներով:
«Ավելորդ սթրեսների մեջ չհայտնվելու համար պետք է ակտիվորեն հարաբերվել շրջապատի, բնության հետ, խուսափել բացասական մտքերից: Գարնանը մարդիկ առհասարակ դրական սպասումներ են ունենում, և տրամադրությունն էլ ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է հյուր գնալ, հաճախել խանութներ, ֆիթնես ակումբներ և գեղեցկության սրահներ: Որքան մարդը պասիվ է, և մտածում է, որ հիվանդ է՝ անհաջողությունների մատնված, բնական է, որ նրա վիճակն ավելի է վատանում»,- նշեց հոգեբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա