Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքում ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն ընթերցեց ճակատի կողմից ընդունված հռչակագիրը:
Դրանում Հայաստանում ստեղծված վիճակը օրհասական է որակվում, նշվում է, որ վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, առկա է գաղութացման վտանգ:
«Չնվազող արտագաղթը ոչ միայն սպառնալիք է Հայաստանի համար, այլև կհանգեցնի հայրենազրկման»,-նշեց Ռուբինյանը:
Հռչակագրով հայտարարվում է ճակատի ստեղծման մասին, իսկ խնդիրների լուծումն ու իրենց առաջ դրած նպատակների իրագործումը հնարավոր են համարում «համաժողովրդական համախմբման, միասնական ջանքերով նոր ժողովրդավարական, օրինական, սահմանադրական կարգի հաստատմամբ, Հայաստանի ներկայիս վարչակարգի հեռացմամբ, անցումային կառավարության ձևավորման ու գործող պետական կառավարման համակարգի ամբողջական փոփոխության միջոցով»:
Հռչակագրի հեղինակները համոզմունք են հայտնել, որ քաղաքացիները կարող են վերջ տալ փլուզման գործընթացին, կառուցել հայ մարդուն հարիր արժանապատիվ պետություն:
Ընթերցումից հետո Ռուբինյանն ասաց, որ այն ընդունել են մի քանի ամիս առաջ, այդ ընթացքում որևէ փոփոխություն իրենք չեն նկատել:
Նրանից հետո ելույթ ունեցավ ճակատի հիմնադիրներից Արմեն Հովհաննիսյանը. «Ձեր հավատարմությունը գաղափարին, ոչ թե ճակատին կամ մարդկանց, իսկապես հարգանքի է արժանի: Համոզված եմ, որ մարդիկ էլի են գալու, որովհետև դա հայ մարդու արժանապատիվ ապրելու գաղափարն է»:
Պետրոս Մակեյանն ասաց. «Ընտրությունների արդյունքները Հայաստանում միշտ կեղծվել են, և իշխանության պահպանման համար նոր աճպարարություն արեցին՝ հայտարարելով, որ անցնում են խորհրդարանական կառավարման համակարգի: Հիմա վերջին փուլն է, մենք պարտավոր ենք կանխել այդ գործընթացը, հակառակ դեպքում տասնամյակներ անց կունենանք նույն թալանը: Կանխելու համար մենք պետք է ունենանք լեփ լեցուն հրապարակ»:
Նա ներկայացրեց այն քայլերը, որ նախատեսում է անել անցումային կառավարությունը՝ «քաղբանտարկյալների ազատ արձակում, պետությունից թալանած միջոցները պետք է ուղղվեն բանակի վերազինմանը, պետք է նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի գինը, անցկացվեն ազատ, արդար ընտրություններ»:
Նրա խոսքով, խնդիրներին կարելի է հասնել այն դեպքում, երբ հրապարակը լիքը լինի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին