Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում երկրորդ անգամ կվիրահատեն
Արցախում զինծառայության ընթացքում՝ 2016թ. հունիսի 24-ին գլխի շրջանում վնասվածք ստացած Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է: Այն տևել է մոտ 7 ժամ: Նման տեղեկություններ է իր ֆեյսբուքյան էջում հայտնել Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում զինվորի ու նրա ընտանիքի կողքին է:
«Մեր հերոսն իրեն լավ է զգում, դուխով, ժպիտը դեմքին, ոնց իրեն գիտեք»,-մանրամասնում է նա:
Առաջիկա 10-15 օրվա ընացքում Ալբերտին կվիրահատեն երկրորդ անգամ:
Հիվանդասենյակից ուղիղ կապին միացած Ալբերտ Դալլաքյանն էլ շնորհավորեց հայ կանանց, մայրիկների, աղջիկների տոնը. «Մաղթում եմ առողջություն, միշտ սիրուն լինեք»:
Մի քանի ժամ առաջ հրապարակված տեսանյութում արդեն Ալբերտն առանց օգնության քայլում է, խոսում:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է. ՀԺ
- Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ 45000-ից 25000 դոլարը հավաքվել է 24 ժամում. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը կոչ է անում օգնել զինհաշմանդամ Ալբերտ Դալլաքյանին
- Կյանքի համար կռիվ տվող զինծառայողը